Foto

Բալանսավորման արտաքին քաղաքականությո՞ւն, թե՞ անհաջող արևմտամետություն. Ի՞նչ արտաքին քաղաքականություն է որդեգրել Փաշինյանը

Երեկ մի քանի ժամ տևած ասուլիսի ընթացքում Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ ՀՀ արտաքին քաղաքական կողմնորոշմանը՝ անելով մի շարք ուշագրավ հայտարարություններ: Նա նախ անդրադարձավ Հայաստանի՝ ԵՄ անդամ դառնալու հեռանկարին: Փաշինյանը պատմեց, որ ԵՄ-ում իրեն հարցեր են ուղղել, թե ինչ է ցանկանում Հայաստանը:

«Հարց է հնչել՝ արդյո՞ք ընդունված օրենքը նշանակում է, որ ՀՀ-ն ուզում է դառնալ ԵՄ անդամ։ Իմ պատասխանն է՝ այո, և եվրոպացի մեր գործընկերներն ու մենք արձանագրել ենք՝ որևէ երկրի՝ ԵՄ անդամ դառնալը պարզ պրոցես չէ, ԵՄ բոլոր անդամները դրա հետ պետք է համաձայնվեն, ու նույնքան, կամ՝ ոչ պակաս կարևոր է՝ երկիրը պիտի համապատասխանի ԵՄ չափանիշներին»,- ասաց նա։

Նա նաև պարզաբանեց. «Ինձնից մեկնաբանություն են ուզել, թե ոնց եմ պատկերացնում խնդրի լուծումը։ Ես ասել եմ՝ բոլոր դեպքերում բարեփոխումների հավակնոտ ծրագիր ու ռազմավարություն ունենք, որն, այսպես թե այնպես, իրականացնելու ենք։ Բարեփոխումները շարունակելու ենք մինչև այն կետը, երբ, օբյեկտիվորեն, ՀՀ-ն, բոլոր առումներով, համապատասխանի եվրոպական ստանդարտներին։ Այս կետում կա երկու տարբերակ՝ կամ ՀՀ-ին ընդունում են ԵՄ անդամ, կամ չեն ընդունում։ Եթե ընդունում են, շատ լավ, եթե չեն ընդունում ինչ-ինչ պատճառներով, ՀՀ-ն այդ կետի վրա արդեն լինում է եվրոպական ժամանակակից ստանդարտներին համապատասխանող երկիր։ Երկու դեպքում էլ այս ռազմավարությունը չշարունակելու պատճառ չունենք»։

Ասուլիսի ընթացքում նա նաև հայտարարեց՝ ավելի հավանական է, որ ՀՀ-ն լքի ՀԱՊԿ-ը, քան ապասառեցնի իր անդամակցությունը:

Փաշինյանը նաև վերահաստատեց ՀՀ ԱԳՆ հայտարարությունը, որ ՀՀ-ն դիմել է Շանհայի համագործակցության կազմակերպությանը (ՇՀԿ) անդամագրվելու համար: Դա, ըստ նրա,  տեղավորվում է ՀՀ բալանսավորման և բալանսավորված քաղաքականության տրամաբանության մեջ։

«Մենք կշարունակենք այս ուղղությամբ աշխատել։ Ի դեպ, մենք այդ կազմակերպությունում ունենք դիտորդի կարգավիճակ։ Այսինքն՝ այնպես չէ, որ մենք զրոյական վիճակից, այնտեղ բարև-բարլուս էլ չունենք ու հանկարծ որոշեցինք, որ կազմակերպության անդամ ենք  դառնում։ Ընդ որում, սա նաև կապված է կազմակերպությունում տեղի ունեցող բովանդակային ու կառուցվածքային փոփոխությունների հետ, որովհետև նաև քննարկվում է դիտորդի կամ ասոցացված անդամի կարգավիճակները վերացնելու մասին։ Սա միակ և ամենամեծ պատճառը չի, բայց պատճառներից մեկն է։ Երբ ես ասում եմ, որ Հայաստանը սպասված գործընկեր է թե հյուսիսում, թե հարավում, թե արևելքում, թե արևմուտքում, սա պետք է գործնական արտահայտություն ունենա»,- ասաց նա։

Այս ամենը Նիկոլ Փաշինյանը հայտարարում է Բրյուսել ու Փարիզ կատարած աշխատանքային այցերից հետո, որոնց ընթացքում քննարկվել էին՝ ինչպես երկկողմ, բազմակողմ հարաբերություններին, այնպես էլ՝ ռեգիոնալ զարգացումներին առնչվող հարցեր:

Ռուս վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը գտնում է, որ  Հայաստանի դեպքում չի ուրվագծվում  արտաքին քաղաքական հստակ ռազմավարական գիծ:

Ըստ նրա, կա հետևողականություն և հստակություն միայն Ռուսաստանի հետ հարաբերությունների հեռանկարի ու ՌԴ-ի մասնակցությամբ ինտեգրացիոն պրոյեկտների ապագայի հարցում, ուստի անսպասելի էլ չէր նաև այն, որ Հայաստանը կլքի ՀԱՊԿ-ը, հաշվի առնելով ՀՀ վերջին տարիների արտաքին քաղաքականությունը:

«Ներկայումս հայ-ռուսական հարաբերություններն ունեն միայն փոխշահավետության հիմք, հիմնված են ԵԱՏՄ-ում ՀՀ օգուտների վրա»,- «168 Ժամի» հետ զրույցում ասաց նա:

Սակայն, վերլուծաբանի կարծիքով, ուշագրավն այն է, որ եվրոպացի մի շարք առաջնորդների հետ հանդիպումից հետո հայկական կողմը վստահություն չի հայտնում, որ հնարավոր է լինելու միանալ ԵՄ-ին, այլ նշում է, որ դա բարդ գործընթաց է:

«Այսինքն՝ ԵՄ-ն նույնիսկ հարկ չի համարում խոստանալ անդամակցություն՝ հաշվի առնելով այդ հարցում անընդհատ առաջացող բարդությունները, ԵՄ ներքին խնդիրներն ու տարաձայնությունները: ԵՄ-ի համար ավելի նպատակահարմար է ընթանալ գործընկերությունը խորացնելու ճանապարհով, չտալով որևէ այլ խոստում ու երաշխիք, քանի որ դա հավելյալ պատասխանատվություն է նման բարդ ռեգիոնում, ի վերջո,  Թուրքիայի ու Ադրբեջանի հետ հարաբերությունները դեռ կարգավորված չեն: Ըստ էության, տրամաբանական է, ինչո՞ւ տալ ԵՄ անդամակցության հեռանկար, ապա երկրներին միացնել ԵՄ-ին, ավելացնել ԵՄ-ի պատասխանատվությունը, եթե կարելի է անվերջ երկարաձգել անդամակցության ճանապարհը»,- նկատեց Տարասովը:

Նրա կարծիքով, հայկական կողմը, հասկանալով, որ ԵՄ անդամակցության հեռանկար չի լինելու, հռչակել է բալանսավորման արտաքին քաղաքականություն:

«Սակայն, իրականում, ես չեմ կարծում, թե սա բալանս է, անվանումն է այդպիսին, ժամանակն ավելի հստակ ցույց կտա դա»,- նկատեց նա:

Ընդհանուր առմամբ, վերլուծաբանը գտնում է, որ ՀՀ արտաքին քաղաքականությունը լիովին տեղավորվում է արևմտյան քաղաքականության շրջանակում, կամ՝ հակառակը, այսինքն՝ ԵՄ-ի համար կարևոր է Ռուսաստանի ու Իրանի դուրսմղումը Հարավային Կովկասից, և ստացվում է, որ ներկայումս ՌԴ-ի հետ Երևանի գործընկերությունը բավականին թուլացած է, ՀՀ-ն գտնվում է ՀԱՊԿ-ը լքելու շեմին, պահպանվում է միայն ակտիվ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակում:

«ԵՄ-ի համար կարևոր է հենց այս փուլում Երևանի ու Բաքվի հետ հարաբերությունների խորացումը, երբ խնդիրներ են առաջացել վրացական կողմում, և ԵՄ-ում քննարկում են նույնիսկ Վրաստանի համար վիզային ռեժիմի վերացումը: Ռուսաստանում ևս ակտիվ քննարկումներ են Ուկրաինայի պատերազմի ֆոնին, թե հետո ինչպիսին պետք է լինի Ռուսաստանի քաղաքականությունը:

Այս հարցում կարծիքները շատ տարբեր են, հաշվի առնելով, թե ինչ բարդությունների ու քննադատությունների առջև կանգնեց Ռուսաստանը հետսովետական ռեգիոնում վերջին տասնամյակների ընթացքում: Չի բացառվում, որ պատերազմից հետո ՌԴ-ն ունենա նոր մոտեցում այս ռեգիոններում, հաշվի առնելով այն, որ շատ բան է փոխվում աշխարհում, չի բացառվում, որ ներկայիս ընթացքը շարունակվի և հաստատվի ներկայիս միտումը, քիչ չեն նաև այնպիսիք, որ կարծում են, թե դա է ճիշտը: Ուստի այս տուրբուլենտ միջավայրում հստակ ասել, թե ինչ ուղղությամբ կգնա ռուսական քաղաքականությունը, բարդ է»,- ասաց Տարասովը:

Աղբյուրը՝ 168.am