Foto

Վեհափառ Հայրապետը իր մտահոգություններով է կիսվել հայրենիքի առջև ծառացած մարտահրավերների շուրջ

Հուլիսի 17-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց «ՀԲԸՄ Ֆոկուս» ծրագրի մասնակիցներին՝ ուղեկցությամբ Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության (ՀԲԸՄ) Հայաստանի նախագահ, ՀԲԸՄ Կենտրոնական վարչության անդամ Վազգեն Յակուբյանի։

Հանդիպմանը տիար Յակուբյանը Նորին Սրբությանը տեղեկացրեց, որ ՀԲԸՄ երիտասարդական նախագծերի շրջանակներում իրականացվող «ՀԲԸՄ Ֆոկուս» ծրագիրն այս տարի առաջին անգամ է անցկացվում Հայաստանում և համախմբել է շուրջ 4000 երիտասարդ հայ արհեստավարժների աշխարհից տարբեր կողմերից նպատակ ունենալով ստեղծել համախոհների ցանց, ընդլայնել անձնական ու մասնագիտական կապերը և ընդգրկել ՀԲԸՄ համաշխարհային գործունեության մեջ։ Տիար Յակուբյանը նաև իր երախատգիտությունը հայտնեց Հայոց Հայրապետին՝ ծրագրի մասնակիցներին հյուրընկալելու և աշխատաժողովը Մայր Աթոռում իրականացնելու հնարավորության համար, ինչն էլ ավելի կամրապնդի երիտասարդների կապը Հայոց Եկեղեցու հետ և կնպաստի ազգային ինքնության վերարժևորմանն ու զորացմանը։

Այնուհետև ներկաներին իր օրհնությունն ու պատգամը բերեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը՝ բարձրորեն գնահատելով ՀԲԸՄ կողմից իրականացվող նմանօրինակ ծրագրերը, որոնց շնորհիվ տարբեր երկրներում բնակվող հայորդիները հնարավորություն են ստանում մեկտեղվելու հայրենիքում։

Հայոց Հայրապետը գոհունակությամբ անդրադարձավ նաև Մայր Աթոռի և ՀԲԸՄ միջև ձևավորված սերտ կապերին ու փոխգործակցությանը՝ կարևորելով Միության անուրանալի ներդրումը Հայ Եկեղեցու առաքելության արդյունավորման գործում։

Վեհափառ Հայրապետը պատասխանեց նաև ներկաների հարցերին, որոնք վերաբերում էին երիտասարդների ներգրավվածությանը եկեղեցական կյանքում, հոգևորականների պատրաստությանն ու ծառայությանը, հայրենիքի առջև ծառացած մարտահրավերներին։