Հունիսի 24-ին` ժամը 19.39-ին, Վանաձորի շտապօգնությունից հաղորդվել է, որ Դարպաս գյուղից ծակած-կտրած վերքերով հիվանդանոց է տեղափոխել մոտ 40 տարեկան տղամարդու։ ժամը 20.11-ին հաղորդում է ստացվել արդեն «Վանաձոր» բժշկական կենտրոնից. իրենց մոտ տեղափոխված ինքնությունը չպարզված տղամարդն ընդունարանում բուժանձնակազմի ներկայությամբ մահացել է։
Օպերատիվ խմբի հետ մեկնել են նաև Քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչության, մարզի քննչական վարչության և Համայնքային ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողներ։
Համատեղ ձեռնարկված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նույն օրը` ժամը 19-ին, Դարպաս գյուղի տներից մեկի բակում տեղի է ունեցել վիճաբանություն 85-ամյա տանտիրոջ և նրա 54-ամյա որդու միջև, որի ընթացքում որդին հայհոյանքեր է հնչեցրել և հարվածներ հասցրել հորը։ Վիճող կողմերին հանդարտեցնելու համար միջամտել է հարևանությամբ բնակվող 19-ամյա մի երիտասարդ: 54-ամյա որդին վիճել է նաև երիտասարդի հետ, նրա հասցեին էլ հնչեցրել հայհոյանքներ։
Սկսվել է ծեծկռտուք, որի ժամանակ երիտասարդը ձեռքերով հարվածներ է հասցրել 54-ամյա տղամարդուն, որն էլ ձեռքին եղած դանակով հարձակվել է երիտասարդի վրա: Սակայն երիտասարդին հաջողվել է խլել դանակը և դրանով հարվածներ հասցնել 54-ամյա տղամարդու` Աշոտ Ասլանյանի մարմնի տարբեր մասերին՝ ինչի հետևանքով էլ նա հիվանդանոցում մահացել է։
Երիտասարդը հայտնաբերվել է, ձերբակալվել և տեղափոխվել վարչություն, որտեղ խոստովանել է արարքը։ Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ: Կազմված փաստաթղթերը փոխանցվել են քննչական վարչություն։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են: