«Հրապարակ» գրում է ․ ՔՊ-ական պատգամավորները երեկ ողջ օրը կրնկակոխ «հետապնդեցին» Նիկոլ Փաշինյանին, որը, բյուջեի քննարկումներով պայմանավորված, ամբողջ օրը ստիպված էր անցկացնել ԱԺ-ում։ ՔՊ-ական ֆրակցիան, ըստ ամենայնի, հենց Փաշինյանի ցանկությամբ, թիկնազորի նման ուղեկցում էր նրան ամենուր՝ սրճարան գնալիս, բակում զբոսնելիս, անգամ լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ թիկունքում շարվել էին եւ դեմքի լուրջ արտահայտությամբ լսում էին, թե ինչպես է Փաշինյանը սահմանադրական կարգը տապալում: Հավանաբար, այնքան անպաշտպան է իրեն զգում ու հոգեբանորեն ընկճված, որ «գրուպպա պադդերժկի» է հետը պտտեցնում: Խմբի ղեկավարն Ալեն Սիմոնյանն էր, որն ասես Փաշինյանի հարսնաքույրը լիներ․ կիպ կպած՝ ուղեկցում էր ամենուր, մոռանալով, որ քաղաքական մարմնի ղեկավարն է, ոչ թե վարչապետի համհարզը: Խմբի մեջ էին Արուսյակ Ջուլհակյանը, Վահագն Ալեքսանյանը, Արսեն Թորոսյանը, Արման Եղոյանը, Նարեկ Գրիգորյանը եւ այլք։ Այս թափորի իմաստը նաեւ այն է, որ տպավորություն չստեղծվի, թե նախորդ օրվա անօրինական, հակասահմանադրական հայտարարություններն ու հրահանգները թիմը չի կիսում, որ ինքը ՔՊ-ում իշխանություն չունի: Մանավանդ՝ ԱԱԾ տնօրենի հետ կապված միջադեպից հետո ամենուր քննարկում էին, որ Փաշինյանի իշխանությունը տապալված է ուժային, իրավապահ համակարգում, եւ նրա պաշտոնավարումը մազից է կախված։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ 19․ 06․ 25 թ համարում։