Գազայի բժշկական աղբյուրները հայտնել են, որ հունիսի 19-ի լուսաբացից ի վեր իսրայելական ուժերի կողմից սպանվել է 44 պաղեստինցի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Al Jazeera-ն։
Պաղեստինյան WAFA գորխակալության տեղեկացմամբ՝ Գազա քաղաքի արևմուտքում գտնվող Շատի փախստականների ճամբարի և Խան Յունիսից հարավ-արևմուտք գտնվող օգնության սպասող մարդկանց բազմության ուղղությամբ Իսրայելի կողմից իրականացված հրետակոծության հետևանքով զոհվել է 18 քաղաքացի, տասնյակ մարդիկ վիրավորվել են։
Պաղեստինյան Կարմիր մահիկը հաստատել է, որ մի շարք քաղաքացիներ զոհվել և վիրավորվել են, երբ իսրայելական ինքնաթիռները թիրախավորել են Գազայի հարավ-արևմուտքում գտնվող Թալ ալ-Հաուա թաղամասում ալ-Կուդս հիվանդանոցի մոտ գտնվող տեղահանվածների վրանները։
Իսրայելական անօդաչու թռչող սարքը նաև ավիահարված է հասցրել Գազա քաղաքի ան-Նասր փողոցին։ Բացի այդ, իսրայելական հրետանին կրակ է բացել Գազայի հյուսիսում գտնվող Ջաբալիա ալ-Բալադ շրջանի վրա։
Գազայի հատվածի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ 2023 թվականի հոկտեմբերի 7-ից ի վեր Իսրայելի կողմից Գազայի հատվածում իրականացված ագրեսիայի հետևանքով զոհերի թիվը հասել է 55 637-ի, իսկ վիրավորներինը՝ 129 880-ի։
Իսրայելը Գազայի հատվածում ռազմական գործողություններ էր սկսել՝ ի պատասխան պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման զինյալների ներխուժման, որի հետևանքով զոհվել էր գրեթե 1200 մարդ, գերեվարվել՝ շուրջ 250 մարդ։