Իսրայելի կողմից Թեհրանին հասցված հարվածների հետևանքով զոհվել է առնվազն վեց իրանցի միջուկային ոլորտի գիտնական։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է իրանական Tasnim լրատվական գործակալությունը։
Իսրայելական ռազմական հարձակման մասին նախնական հաղորդագրությունները ցույց են տալիս, որ զոհվել են միջուկային ոլորտի գիտնականներ Աբդոլհամիդ Մինուչեհրը, Ահմադ Ռեզա Զոլֆաքարին, Սեյեդ Ամիր Հոսեյն Ֆեքհին, Մաթլաբիզադեն, Մոհամմադ Մահդի Թեհրանչին և Ֆերեյդուն Աբբասին։
Ֆեքհին Թեհրանի Շահիդ Բեհեշթի համալսարանի միջուկային ճարտարագիտության ֆակուլտետի անդամ էր։ Նա նաև Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարի տեղակալն էր։
Հաղորդագրությունների համաձայն՝ Մաթլաբիզադեն նահատակվել է կնոջ հետ միասին։
Ավելի վաղ հայտարարվել էր, որ հարվածների հետևանքով զոհվել են Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Մոհամմադ Հոսեյն Բաքերին, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գլխավոր հրամանատար, գեներալ-մայոր Հոսեյն Սալամին և Իրանի «Խաթամ ալ-Անբիա» կենտրոնական շտաբի հրամանատար, գեներալ-մայոր Ղոլամ Ալի Ռաշիդը և այլ պաշտոնյաներ։
Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեին զգուշացրել է, որ Իսրայելը խիստ պատիժ կստանա հարվածի համար։
«Այս հանցագործությամբ սիոնիստական ռեժիմն իր համար պատրաստել է դառը, ցավոտ ճակատագիր, որը նա անպայման կտեսնի», - նշել է նա։
ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ Արևելյան Ադրբեջանի նահանգի ճգնաժամային կառավարման վարչության պետը տեղեկացրել է, որ Իրանի հյուսիս-արևմուտքում գտնվող Թավրիզ քաղաքի վրա Իսրայելի կողմից գիշերը հասցված հարվածի հետևանքով զոհվել է առնվազն երեք իրանցի։ Պաշտոնյան նաև նշել է, որ Թավրիզից բացի, հարձակման են ենթարկվել նահանգի 10 այլ բնակավայրեր։