Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի և Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ: Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
Ռուսաստանի նախագահը մատնանշել է իսրայելա-իրանական բոլոր հակասությունների խաղաղ կարգավորման և բանակցային գործընթացին վերադառնալու անհրաժեշտությունը։
Ինչպես նշվում է Կրեմլի հայտարարության մեջ՝ «ընդգծվել է բանակցային գործընթացին վերադառնալու և իրանական միջուկային ծրագրին առնչվող բոլոր հարցերը բացառապես քաղաքական ու դիվանագիտական միջոցներով լուծելու կարևորությունը»։
«Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ հեռախոսազրույցում ՌԴ նախագահը ցավակցություն է հայտնել Իրանի Իսլամական Հանրապետության ղեկավարությանը և ժողովրդին Իսրայելի հարվածների հետևանքով բազմաթիվ զոհերի, այդ թվում՝ խաղաղ բնակիչների մահվան կապակցությամբ», - ասված է Կրեմլի հայտարարության մեջ։