Foto

Ռոբերտ Քոչարյանը հայցեր է ներկայացրել՝ ընդդեմ Նիկոլ Փաշինյանի ու Ալեն Սիմոնյանի՝ պահանջելով ներողություն խնդրել եւ փոխհատուցել բարոյական վնասը

 ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայցեր է ներկայացրել՝ ընդդեմ Նիկոլ Փաշինյանի և Ալեն Սիմոնյանի։ «Փաստինֆո»-ն «Դատալեքս» համակարգից տեղեկացավ, որ  երեկ դատարան մուտքագրված հայցերով  Ռոբերտ Քոչարյանը պահանջում է պարտավորեցնել  Փաշինյանին և Սիմոնյանին՝ հերքել զրպարտություն հանդիսացող տեղեկությունները։


Մասնավորապես, Նիկոլ Փաշինյանի դեմ ներկայցված հայցով Ռոբերտ Քոչարյանը պահանջում է հերքել Փաշինյանի կողմից արված այն հայտարարությունը, թե «դատարանի որոշմամբ արձանագրված է՝ Ռոբերտ Քոչարյանը կաշառակեր է»։ Որպես հերքման տեքստ Ռոբերտ Քոչարյանը խահանջում է սահմանել հետևյալը․ «Նախկինում իմ կողմից Կառավարության նիստի ընթացքում հնչել են կեղծ, սուտ, ակնհայտ անհիմն արտահայտություններ, որոնք զրպարտել են ՀՀ պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանին: Ներկայումս ցանկանում եմ հայտնել, որ Ռոբերտ Քոչարյանի՝ վերաբերյալ հայտնածս տեղեկատվությունը իրականության հետ որևէ առնչություն չունի և հանդիսացել է զրպարտության արդյունք։» Միևնույն ժամանակ, Ռոբերտ Քոչարյանը որպես հասված ոչ նյութական վնասի հատուցում պահանջում է Նիկոլ Փաշինյանից՝ հօգուտ իրեն  բռնագանձել 6.000.000 ՀՀ դրամ։ Այս հայցադիմումը մայագրվել է Երևանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Անի Կարաքեհյանին։ 


Ինչ վերաբերյալ Ալեն Սիմոնյանի դեմ ներկայացված հայցադիմումին, ապա դրանով Ռոբերտ Քոչարյանը պահանջում է պարտավորեցնել Ալեն Սիմոնյանին՝ իրենից ներողություն խնդրել, ինչպես նաև՝ հերքել զրպարտություն հանդիսացող տեղեկությունները։ Մասնավորապես, ճեպազրույցներից մեկի ընթացքում Ալեն Սիմոնյանը հայտարարել էր, թե Ռոբերտ Քոչարյանը «շպիոն է»։ Հերքման և ներողության տեքստերի հրապարակումից զատ՝ երկրորդ նախագահը պահանջում է բարոյական վնասի հատուցում՝ 6 մլն դրամի չափով՝ զրպարտության և 3 մլն դրամի չափով՝ վիրավորանքի համար։ Այս հայցադիմումը մակագրվել է Երևանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Ազատ Դունամալյանին։

Այս պահին դեռևս առկա չէ տեղեկություն՝ հայցերը վարույթ ընդունելու վերաբերյալ։

Աղբյուր՝ Փաստինֆո