Foto

Նույնիսկ բնության երևույթներն են մեղավոր, բայց ոչ Երևանի քաղաքապետարանը

Ուժեղ քամու հետևանքով երեկ գրանցվել է 57 արտակարգ դեպք, որոնցից 44-ը՝ Երևանում։ Վնասվել են տանիքի թիթեղներ, անձրևատար խողովակներ, տապալվել ծառեր։ Նույնիսկ ծառի ընկնելու հետևանքով վնասվել է քաղաքացի, ինչպես նաև ավտոմեքենաներ։

Նման դեպքեր, իհարկե, ամբողջ աշխարհում էլ լինում են, սակայն մարյաքաղաքում այդ դեպքերն այնքան նվազագույն թիվ են կազմել, որ նույնիսկ վիճակագրություն չի վարվել։ Բացի այդ, քաղաքային բյուջեից ամեն տարի գումար է հատկացվել տանիքների վերանորոգման համար և ընտրվել են առավել խոցելի բազմահարկերը։

Ըստ ընդդիմադիր «Մայր Հայաստան» խմբակցության ավագանու անդամ Արշակ Սարգսյանի՝ բազմաբնակարան շենքերի տանիքների նորոգման համար 2025 թ-ի բյուջեով նախատեսված է 670 մլն 165 հազար ՀՀ դրամ։ Թե այդ գումարի ո՞ր մասն է ծախսված և նախորդ տարի որքա՞ն է կազմել հաստատված բյուջեի չափը, ինչպե՞ս նաև թերակատարումները, Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչությունից հայտնեցին, որ յուրաքանչուր վարչական շրջան ինքն է վարում իր տնտեսությունը և, ամփոփ տեղեկատվություն ունենալու համար, խնդրեցին գրավոր հարցում ուղարկել։

Այս տարվա ծրագրով հաստատաված 670 մլն 165 հազար դրամը բավականին մեծ թիվ է։ Այստեղ ի՞նչ հաշվի չի առել քաղաքապետարանը։ Ծառերն էտելու, վտանգավորները և չորացածները կտրելու կամ կարճացնելու համար պատասխանատու է Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն ՀՈԱԿ-ը, որը մինչ այժմ որևէ պարզաբանում չի տվել, թե ինչպե՞ս է ստացվում, որ իրենց բացթողման արդյունքում ծառեր են տապալվում և էական վնասներ հասցնում։ Տանիքների մասով որևէ վարչական շրջանի ղեկավար չի ընդունել իր բացթողումը՝ գոնե առաջնահերթությունները սխալ հաշվարկելու մասով։

Նման իրավիճակը Երևանի քաղաքապետարանում կարծես ընդունելի է՝ երբ ձույն է գալիս, ըստ Ավինյանի՝ աննախադեպ տեղումներն են մեղավոր և «ավելի շատ ոչ թե քաղաքում է ձույն տեղում, այլ՝ ֆեյսբուքում»։ Երբ անձրև է գալիս՝ էլի անձրևն է մեղավոր, որ աննախադեպ է գալիս, ավագանու հաջորդ նիստին կպարզվի, որ քամին է մեղավոր, աննախադեպ շատ ուժգնությմաբ է հյուր եկել մայրաքաղաքին և այլն։ Այս իշխանության դեպքում նույնիսկ մեղավոր են բնության ամենասովորական երևույթները, բայց ոչ երբեք իրենք և իրենց թերի կառավարումը։

 

 

Հեղինակ: Աննա Ավետիսյան