Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը Factor TV-ի հետ զրույցում հայտարարել է, որ Երևան մտնող ավտոմեքենաների ուղևորները ստիպված կլինեն մեքենաները կայանել հատուկ կայանատեղիներում, իսկ քաղաքում երթևեկությունը շարունակել հանրային տրանսպորտով։
Տրանսպորտի հարցերով փորձագետ Արտակ Գաբոյանը Aysor.am-ի հետ զրույցում նշեց, որ տրանսպորտային միջոցների մուտքի որոշակի սահմանափակումները եվրոպական երկրներում կիրառվող մեթոդ են, սակայն դրանց արդյունավետությունը պայմանավորված է նաև այլընտրանքային լուծումների առկայությամբ։
«Այն երկրները, որոնք որոշել են, որ խցանումները պետք է վերացնեն, դիմում են որոշակի սահմանափակումների։ Դա ընդունված տարբերակ է։ Օրինակ՝ եվրոպական երկրներ կան, որտեղ մեքենան կարող է մտնել, եթե տվյալ թաղամասի բնակիչ է»,- նշեց Գաբոյանը։
Նրա խոսքով՝ այն հատվածներում, որտեղ ցանկանում են նվազեցնել խցանումները, մասնավորապես՝ Կենտրոնում և Կոմիտասի պողոտայի հարակից տարածքներում, անհրաժեշտ է նաև վերանայել կայանատեղիների գնային քաղաքականությունը։
«Այնտեղ կայանատեղիները պետք է շատ ավելի թանկ դառնան, չպետք է լինի տարեկան կայանատեղի, որպեսզի մեքենայով Կենտրոն գնալը դառնա ոչ ձեռնտու»,- շեշտեց փորձագետը։
Միևնույն ժամանակ Գաբոյանն ընդգծեց, որ սահմանափակումներին զուգահեռ քաղաքապետարանը պարտավոր է ապահովել մատչելի և հարմար այլընտրանք։
Որպես հնարավոր լուծում՝ նա առաջարկում է քաղաքի մուտքերի մոտ ստեղծել էժան կայանատեղիներ և կազմակերպել դեպի մետրոյի կայարաններ ու Կենտրոն տանող ավտոբուսների կանոնավոր երթևեկություն։
«Եթե մարզերի մասով ուզում են լուծել, ես կարող եմ լավ տարբերակ առաջարկել։ Եթե կհիշեք, նախկինում «Դալմա մոլը» Երևանի կենտրոնից անվճար ավտոբուսներ էր տրամադրել դեպի մոլ։ Նույն ձևով պետք է անի քաղաքապետարանը, որպեսզի քաղաքի մուտքի մոտ լինեն շատ հարմար գներով, էժան կայանատեղիներ և 10-15 րոպե ինտերվալով դեպի Կենտրոն եկող ավտոբուսներ, որոնք կբերեն մետրոյի մոտ»,- նշեց Գաբոյանը։
Նրա համոզմամբ՝ եթե վարորդները հնարավորություն ունենան մեքենան մատչելի գնով կայանել քաղաքի մուտքի մոտ և անվճար կամ մատչելի տրանսպորտով շարունակել ճանապարհը, աստիճանաբար կսկսեն օգտվել այդ տարբերակից։
«Վարորդները կիմանան, որ Երևան գալուց ստիպված չեն լինի մտնել խցանումների մեջ, նորմալ գնով կարող են մեքենան թողնել ավտոկայանատեղիում ու անվճար գնալ-հասնել, օրինակ, մետրոյի մոտ։ Մարդիկ կսկսեն այդպես անել։ Եվ եթե հետագայում ավելի խիստ սահմանափակումներ դնեն, մարդիկ արդեն չեն կարողանալու վատ բան ասել։ Սահմանափակումներին շատ լավ եմ վերաբերվում, եթե քաղաքապետարանը դա անում է «ոչ կացնային» մեթոդներով։ Այսինքն՝ պետք է լուծումներ տրվեն, որոնց մեջ պետք է լինի հանրային տրանսպորտի բարելավումը»,- եզրափակեց փորձագետը։









