Foto

«Ադեկվադ»-ի նախկին գրասենյակում խուզարկություն էր. տարել են հանգուցյալ Ռիչարդ Կիրակոսյանի համակարգիչն ու իրերը

Իրավապահներն այսօր խուզարկել են «Ադեկվադ» միաբանության գրասենյակը։

Լրագրողների հետ զրույցում միաբանության անդամ Մարինե Մանուչարյանը, սակայն, նշեց, որ այդ տարածքը վաղուց արդեն «Ադեկվադ»-ի գրասենյակը չէ։

«Սա մեզ համար պահեստային տարածք է, որտեղ ես հանգուցյալ Ռիչարդ Կիրակոսյանի գրքերն ու համակարգիչն էի բերել։ Իրենք փակեցին, տարան՝ ասելով, թե որևէ միջամտության դեպքում ինձ տեղյակ կպահեն։ Ասացին, որ եկել են Արթուր Դանիելյանի ֆեյսբուքյան գործունեության հետ կապված ինչ-որ բաներ փնտրելու»,- ասաց Մարինե Մանուչարյանը։

Նրա խոսքով՝ նախաքննության ավարտից հետո ամեն ինչ պարզ կդառնա։

«Կերևա, թե որքան աբսուրդային է այս ամբողջ իրավիճակը, և ինչպես են փորձում Արթուրին լռեցրած պահել»։

Մանուչարյանն ասաց, որ Արթուր Դանիելյանի փաստաբանը ներկա չի եղել խուզարկությանը։