Foto

Երևանը սխալ կգործի, եթե հույսը դնի միայն Արևմուտքի վրա. Նարիշկին

Հայաստանի ղեկավարությունը սխալ կգործի, եթե հույսը դնի միայն Արևմուտքի որևէ օգնության կամ աջակցության վրա, դա կբարդացնի իրավիճակը հանրապետության ներսում, ՏԱՍՍ-ին ասել է ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության (ԱՀԾ) տնօրեն Սերգեյ Նարիշկինը։

«Եթե հայկական ղեկավարությունը հույսը դնի բացառապես Արևմուտքի ինչ-որ օգնության, աջակցության վրա, ապա, իհարկե, սխալ կգործի, և այդ դեպքում իրավիճակը երկրի ներսում կբարդանա։ Իհարկե, լրացուցիչ խոչընդոտներ և դժվարություններ կառաջանան երկրի տնտեսական զարգացման գործում։ Բայց ես, այնուամենայնիվ, հուսով եմ, որ Հայաստանի ղեկավարությունը խելամիտ կվարվի»,- ասել է Նարիշկինը։

Երևանը վերջին շրջանում հայտարարում է Եվրամիության հետ ինտեգրման ուղեգծի մասին։ Հայաստանի խորհրդարանը 2025 թվականի մարտի 26-ին օրենք է ընդունել ԵՄ-ին հանրապետության անդամակցության գործընթացը սկսելու մասին։ Միևնույն ժամանակ, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը պնդել է, որ Երևանը մտադիր չէ դուրս գալ Եվրասիական տնտեսական միությունից (ԵԱՏՄ) և ակնկալում է համատեղել կազմակերպությանն անդամակցությունը և ԵՄ-ին ինտեգրումը այնքան ժամանակ, քանի դեռ դա հնարավոր կլինի։

Ինչպես նշել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, ԵՄ-ի հետ ինտեգրումը ավտոմատ կերպով հանգեցնում է ԵԱՏՄ-ի հետ Հայաստանի փոխգործակցության դադարեցմանը, դրան ուղեկցող բոլոր արտոնությունների կորստին, որոնցից Երևանը շահում էր Եվրասիական տնտեսական միությունում գտնվելու ողջ ընթացքում։