Foto

Սամարայի մարզում Ozon-ի պահեստին հարվածի հետևանքով հրդեհ է բռնկվել

Սամարայի մարզում Ozon-ի պահեստին անօդաչու թռչող սարքի հարվածի հետևանքով հրդեհ է բռնկվել, կան տուժածներ, ավելի քան 500 աշխատակիցներ տարհանվել են։ Այս մասին հաղորդել է առցանց առևտրի ռուսաստանյան ընկերությունը:


Հաղորդագրությունում նշվում է, որ պահեստում գտնվող ապրանքները հանվել են առցանց ցուցափեղկից: Տվյալ պահեստից առաքումները կչեղարկվեն, դրանց համար վճարված գումարները կվերադարձվեն հաճախորդներին:

Պահեստը նաև ապրանքներ չի ընդունի, դրա աշխատանքը դադարեցված է անորոշ ժամանակով:


«Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ հարձակման է ենթարկվել Ozon-ի պահեստը Սամարայի մարզի Չապաևսկ քաղաքում:

Սա Ozon մարքեթփլեյսի վրա ուկրաինական ուժերի անօդաչուների առաջին հարձակումն է:

Վերջին ավելի քան մեկ ամսում ուկրաինական զինված ուժերը հարվածներ են հասցրել առցանց առևտրի ռուսաստանյան խոշորագույն հարթակի՝ Wildberries-ի տասնյակ լոգիստիկ կենտրոնների՝ պնդելով, թե դրանք Մոսկվան օգտագործում է ռազմական մատակարարումների համար: Հարվածների հետևանքով զոհեր, վիրավորներ կան: