Նա բժիշկ էր, որը ոչ միայն բժշկում էր մարդկանց մարմինները, այլև հետագայում բժշկություն բերեց մարդկանց հոգիներին։ Ո՞վ էր Ղուկաս ավետարանիչը:
Բժիշկը և սրբանկարիչը
Ղուկաս Ավետարանիչը 12 առաքյալներից չէր, բայց Տիրոջ 72 աշակերտներից մեկն էր: Նա Հիսուս Քրիստոսի ժամանակակիցն էր, բայց արդյո՞ք հանդիպել է Աստծո Որդուն, այս մասին շատ տեղեկություն մեզ չի հասել:
«Կա սրբազան ավանդություն, որ Էմմավուսի ճամփորդներից մեկը Ղուկասն էր: Երկու ճամփորդ Հիսուս Քրիստոսի հարությունից հետո հանդիպում են Տիրոջը»,- նշում է Ներքին Չարբախի Սուրբ Խաչ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Հրաչյա քահանա Գյոզալյանը:
Ղուկասը Նոր Կտակարանի միակ ոչ հրեա հեղինակն է: Ծնունդով Անտիոքից էր. հույն էր կամ հռոմեացի: Մեզ հասել է տեղեկություն, որ նա բժիշկ էր: Ըստ ավանդության՝ նաև սրբանկարիչ էր, և Աստվածամորն առաջինը նա է նկարել:
Տեր Հրաչյայի խոսքով՝ Ղուկասի Ավետարանը վկայում է, որ հեղինակը գրագրությանը ծանոթ էր, կիրթ էր: Նա Պողոս առաքյալի գործակիցն էր, միասին քարոզել են Տիրոջ խոսքը: Իր մահվան վերաբերյալ տեղեկությունները ևս մեզ հստակ չեն հասել: Նշվում է, որ նահատակվել է: Կա այլ վարկած, ըստ որի քարոզել է մինչև խոր ծերություն:
Ղուկասի Ավետարանի ստեղծումը
Ղուկասը շփվել է Քրիստոսին ճանաչող մարդկանց հետ, շրջել Պողոս առաքյալի հետ, լսել Աստծո Որդու մասին ու գրի առել Ավետարանը: Այն հասցեագրվում է ոմն Թեոփիլոսին: Ո՞վ էր նա: Կա վարկած, որ դատավոր էր և պետք է Պողոս առաքյալի համար դատավճիռ կայացներ, և Ավետարանը գրվում է առաքյալին փրկելու համար: Սա միակ տարբերակը չէ:
«Վարկածներից մեկի համաձայն՝ Ղուկասը դարձի է բերում մի զորավարի, որին նվիրում է իր Ավետարանը։ Երրորդ վարկածի համաձայն՝ Թեոփիլոսը հավաքական կերպար է, և հեղինակը նկատի ունի բոլոր նրանց, ովքեր Աստծուն սիրում են, որովհետև Թեոփիլոս թարգմանաբար նշանակում է աստվածասեր»,- նշում է Տեր Հրաչյան:
Ըստ վերլուծությունների՝ Նոր Կտակարանի 4 Ավետարանները ստեղծվել են մինչև մոտավորապես 100 թվականը, երբ առաքյալները նահատակվում էին, և բանավոր խոսքը գրի առնելու անհրաժեշտություն կար:
Զոհաբերության շեշտադրումը
Ղուկասի Ավետարանը պարզ ու պատկերավոր է՝ առավել հեշտ ընթերցվող: Սկզբում կարդում ենք Զաքարիայի զոհաբերության մասին, հետո մարդկության փրկության համար խաչվող, զոհաբերվող Հիսուս Քրիստոսի մասին: Այդ պատճառով Ղուկաս Ավետարանիչը պատկերել է Զվարակի, եզան՝ զոհաբերվող կենդանու խորհրդանիշով։
«Ղուկասը բոլորի Ավետարանն է՝ գրված քրիստոնյաների ու հեթանոսների, տարբեր ազգերի համար: Պատահական չէ, որ հենց այստեղ է բարի սամարացու մասին առակը: Ղուկասի շարադրանքը գեղեցիկ և գրագետ է: Ավետարանիչը կարևորություն է տալիս նաև պատմական փաստերին: Փորձում է հաստատել իր կողմից ներկայացվելիքը»,- նշում է հոգևորականը:
Աղոթքի Ավետարան
Ղուկասն աղոթքի կարևորությունը ցույց տվող ավետարանիչ է։ Նոր Կտակարանում առավել շատ աղոթքի դրվագները ներկայացված են հենց իր հատվածում: Այստեղ ենք կարդում Անիրավ դատավորի և այրի կնոջ մասին: Առակը ներկայացնում է անտրտունջ աղոթքի դերը:
Ուրախության և կանանց Ավետարան
Այս Ավետարանում շատ են ներկայացված մարդկանց հույզերն ու ապրումները, նկատում է Տեր Հրաչյան. «Շատ են դրվագները, որտեղ ներկայացվում է ուրախության բերկրանքը: Բացի այդ նաև այստեղ ենք շատ կարդում կանանց մասին՝ Եղիսաբեթի, Մարթայի, Մարիամի ու մեղավոր կնոջ: Այստեղ ենք առավել շատ տեղեկանում Մարիամ Աստվածածնի մասին»:
Ավետարանն ավարտվում է Էմմավուսի ճամփորդների հիշատակմամբ, Քրիստոսի համբարձմամբ: Կարևոր է հիշել, որ Ղուկասը նաև համարվում է «Գործք առաքելոց»-ի հեղինակը: Այն Սուրբ Հոգու ներգործությամբ Քրիստոսի վարդապետության տարածման մասին է և կարծես մի ամբողջություն լինի Ավետարանի հետ:
Անի Ավագյան









