Foto

Սարգիս Ադամյանը հեռացավ «Քյոլնից»․ պաշտոնական

Գերմանական «Քյոլնը» պաշտոնապես հրաժեշտ է տվել հայ հարձակվող Սարգիս Ադամյանին։

Շաբաթ օրը՝ Ռեգիոնալ լիգայի շրջանակում կայացած «Շալկե 04»-ի դեմ խաղից առաջ, Մ-21 թիմի մարզիչ Էվանգելոս Սբոնիասը և տեխնիկական տնօրեն Լուկաս Բերգը պաշտոնապես հրաժեշտ են տվել Ադամյանին և ևս հինգ ֆուտբոլիստների։ Որպես հուշանվեր՝ խաղացողներին հանձնվել են դիմանկարներ, թիմային լուսանկարներ և ակումբային խորհրդանիշներ:

Հիշեցնենք, որ Ադամյանը «Քյոլն» էր տեղափոխվել 2022 թվականին՝ «Հոֆենհայմից»։ Այն ժամանակ կողմերը պայմանագիր էին կնքել մինչև 2026 թվականը, սակայն հիմնական կազմում ամրապնդվել չկարողանալու պատճառով հարձակվողն իր պայմանագրի վերջին տարին անցկացրեց երկրորդ թիմում:

Չնայած այս հանգամանքին՝ գերմանական մամուլն ընդգծում է, որ հայ ֆուտբոլիստն աչքի է ընկել օրինակելի պահվածքով։ Ռեգիոնալ լիգայի 21 խաղում նա դարձել է 17 արդյունավետ գործողության հեղինակ (գոլ+գոլային փոխանցում)՝ դրանով իսկ պահպանելով այլ ակումբների հետաքրքրությունն իր նկատմամբ:

Թե որտեղ կշարունակի կարիերան Ադամյանը, դեռևս հայտնի չէ։ Վերջերս նրա կինը՝ Աննա Ադամյանը, սոցիալական ցանցերում նշել էր, որ ընտանիքը ցանկանում է հնարավորության դեպքում մնալ Քյոլնի մերձակայքում, քանի որ այնտեղ արդեն հարմարվել են բնակությանը: