Ուկրաինային Եվրոպական միության ասոցացված անդամակցություն շնորհելու գերմանական առաջարկը անարդար է, քանի որ այն Կիևին կթողնի առանց ձայնի իրավունքի բլոկի ներսում։ Այս մասին ասել է Վլադիմիր Զելենսկին, հաղորդում է Reuters-ը։
Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցն առաջարկել էր թույլ տալ Ուկրաինային մասնակցել ԵՄ նիստերին՝ առանց քվեարկության իրավունքի՝ որպես միությանը լիիրավ անդամակցության միջանկյալ քայլ, ինչը, նրա խոսքով, կարող է օգնել հեշտացնել ռուսական ներխուժմամբ բռնկված չորսամյա պատերազմի դադարեցման շուրջ գործարքը։
Ի պատասխան դրան՝ Զելենսկին ուրբաթ ուշ երեկոյան ուղարկված իր նամակում, որին ծանոթացել է Reuters գործակալությունը, նշել է, որ անցած ամիս կայացած ընտրություններից հետո Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի՝ Ուկրաինայի ԵՄ անդամակցության մոլի հակառակորդի հեռացումը հնարավորություն է ստեղծել էական առաջընթաց գրանցելու անդամակցության շուրջ բանակցություններում։
«Անարդար կլինի, որ Ուկրաինան ներկա լինի Եվրոպական միությունում, բայց մնա անձայն։ Ճիշտ ժամանակն է Ուկրաինայի անդամակցությունը լիարժեք և իմաստալից կերպով առաջ տանելու համար»,- իր ուղերձում ասել է Զելենսկին։
Նամակը հասցեագրված էր Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտային, Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին և Կիպրոսի նախագահ Նիկոս Քրիստոդուլիդեսին, ով նախագահում է ԵՄ Խորհուրդը։
Զելենսկին շնորհակալություն է հայտնել եվրոպացի առաջնորդներին պատերազմի ընթացքում ցուցաբերած աջակցության համար և հայտարարել, որ Ուկրաինան հանդես է գալիս որպես պատվար ռուսական ագրեսիայի դեմ՝ 27 պետություններից բաղկացած ողջ բլոկի համար։
«Մենք պաշտպանում ենք Եվրոպան՝ լիովին, ոչ թե մասնակիորեն, և ոչ թե կես քայլերով։ Ուկրաինան արժանի է արդար մոտեցման և հավասար իրավունքների Եվրոպայի ներսում»,- եզրափակել է Զելենսկին։









