Foto

Վալվերդեն Չուամենիի հետ ունեցած կnնֆլիկտից հետո վերսկսել է մարզումները «Ռեալի» կազմում

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ֆեդերիկո Վալվերդեն թիմակից Օրելյեն Չուամենիի հետ ունեցած կոնֆլիկտից հետո վերսկսել է մարզումները թիմի կազմում: Այս մասին հայտնում է մադրիդյան ակումբի պաշտոնական կայքը:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ բախման հետևանքով ուրուգվայցի ֆուտբոլիստը գլխի պատռվածք էր ստացել և տեղափոխվել հիվանդանոց: Միջադեպից հետո երկու խաղացողներն էլ տուգանվել էին 500 հազարական եվրոյով:

Ակումբի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ, մասնավորապես, նշվում է.

«Մեր թիմը մարզում է անցկացրել «Սյուդադ Ռեալ Մադրիդ» մարզաբազայում: «Օվիեդոյի» դեմ հաղթական խաղի մեկնարկային կազմի ֆուտբոլիստները վերականգնողական վարժություններ են կատարել մարզասրահում: Մյուս խաղացողները նախավարժանքն սկսել են դաշտում, ինչից հետո կատարել են գնդակով և դարպասին հարվածներով վարժություններ: Վերջում ֆուտբոլիստները բարձր պրեսինգով մարզումային հանդիպում են անցկացրել, ինչպես նաև ևս մեկ խաղ՝ փոքրացված դաշտում։

Անդրեյ Լունինը վիրուսային վարակի պատճառով բաց է թողել մարզումը, իսկ Վալվերդեն պարապմունքի մի մասն անցկացրել է ընդհանուր խմբում: Ֆերլան Մենդին, Էդեր Միլիտաոն, Արդա Գյուլերն ու Ռոդրիգոն շարունակում են ապաքինվել: Ալվարո Արբելոայի գլխավորած թիմը հաջորդ հանդիպումը կանցկացնի Լա Լիգայի նախավերջին՝ 37-րդ տուրում՝ մայիսի 17-ին հյուրընկալվելով «Սևիլիային» «Ռամոն Սանչես Պիսխուան» մարզադաշտում»: