Ուկրաինայի Բարձրագույն հակակոռուպցիոն դատարանը խափանման միջոց է ընտրել Կիևի արվարձանում շքեղ բնակարանների կառուցման ընթացքում փողերի լվացման գործով ևս չորս մեղադրյալների համար։ Այս գործով անցնում է նաև Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու գրասենյակի նախկին ղեկավար Անդրեյ Երմակը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է «Կոռուպցիային հակազդելու կենտրոն» ուկրաինական հասարակական կազմակերպությունը։
«Բարձրագույն հակակոռուպցիոն դատարանը խափանման միջոց է ընտրել «Դինաստիա» նախագծի շինարարության ընթացքում 460 միլիոն գրիվնա (10.4 միլիոն դոլար) լեգալացնելու ևս չորս կասկածյալների համար»,- նշված է կազմակերպության տարածած հաղորդագրությունում։
Կենտրոնի տվյալներով՝ այդ կասկածյալներն են «Սոլնեչնի Բերեգ» բնակարանային շինարարության կոոպերատիվի տնօրենը, ստվերային հաշվապահությանն առնչված կառավարիչը և կոոպերատիվի երկու պաշտոնական հիմնադիրները, որոնք իրականացրել են դրամական միջոցների օրինականացման ֆինանսական գործարքներ։ Դատարանը նրանց համար սահմանել է գրավ, որը պետք է վճարվի հինգ օրվա ընթացքում։









