Հայ և ռուս կոմպոզիտորների սիրված երգեր՝ Հայրենական մեծ պատերազմի թեմայով, հնչեցին Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնում տեղի ունեցած «Ձերդ Մեծություն, Հաղթանակ» գրական-երաժշտական երեկոյի ընթացքում, որը նվիրված էր Հաղթանակի 81-րդ տարելիցին։
Միջոցառումը կազմակերպել էին Մոսկվայի կառավարությունը, Մոսկվայի արտաքին տնտեսական և միջազգային հարաբերությունների վարչությունը, Մոսկվայի հայրենակիցների տունը և Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնը։
Մեծաթիվ հանդիսատեսի առջև հանդես եկան Սպենդիարյանի անվ․ օպերայի և բալետի ակադեմիական թատրոնի մենակատարներ Արտակ Կուլիջանյանը և Ռոման Խնկոյանը։ Իսկ նվագակցում էին նրանց տաղանդավոր երաժիշտներ Մադաթ Ավանեսովը (դաշնամուր), Նիկողայոս Վարդանյանը (կոնտրաբաս), Վարազդատ Խաչումյանը (ջութակ), Արամ Վարդանյանը (կիթառ), Մերուժան Եգանյանը (ակորդեոն) և Դավիթ Թադևոսյանը (շեփոր)։
Երեկոյի ընթացքում պատերազմական պոեզիայի նմուշներ ներկայացրեց Երևանի Ստանիսլավսկու անվ․ ռուսական թատրոնի դերասանուհի, ՀՀ վաստակավոր արտիստ Վերոնիկա Սարոյանը։
Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնի աշխատակազմը ևս անակնկալ էր պատրաստել՝ կատարելով «Բելոռուսական կայարան» ֆիլմից հայտնի «Մեզ միայն հաղթանակ է պետք» երգը։
Երեկոյին ներկա էին ՀՀ-ում Ռուսաստանի և Բելառուսի դեսպանատների, Ռոսսոտրուդնիչեստվոյի, Ռուսական 102-րդ ռազմաբազայի և ավիաբազայի, Հայ վետերանների միավորման, ռուսաստանյան կազմակերպությունների ներկայացուցիչներ, հասարակական և մշակութային գործիչներ։
«Մենք առանձնահատուկ հարգանքով և ուշադրությամբ ենք վերաբերվում մեր վետերաններին, որոնք մեր բոլոր միջոցառումների սպասված հյուրերն են։ Իսկ այս տեսակ երեկոները կարևոր են պատմական հիշողությունը պահպանելու և ապագա սերունդներին փոխանցելու առումով։ Անձամբ ինձ համար Հաղթանակի օրը ամենակարևոր տոներից մեկն է, քանի որ իմ նախնիները ևս կռվել են պատերազմում և մյուսների հետ կերտել հերոսական Հաղթանակը», – մեզ հետ զրույցում ասաց Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնի տնօրեն Հայկ Մելիքյանը։









