Foto

Քննարկվել են ՀԱՊԿ պատասխանատվության գոտում անվտանգության ամրապնդման հետ կապված հարցերը

Մինսկում կայացել է Թաալաթբեկ Մասադիկով՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հանդիպումը Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ։

Կողմերը մանրամասն քննարկել են միջազգային հարցերի լայն շրջանակ՝ ՀԱՊԿ պատասխանատվության գոտում անվտանգության ամրապնդման հետ կապված խնդիրների համատեքստում։

Թաալաթբեկ Մասադիկովը տեղեկացրել է 2025 թ. նոյեմբերյան նստաշրջանում ընդունված որոշումների իրականացման միջոցառումների ծրագրի կատարման ընթացքի, ինչպես նաև կազմակերպության գործունեության առաջնահերթ ուղղությունների մասին՝ Ռուսաստանի նախագահության շրջանում։ Փաստաթուղթը նախատեսում է անդամ պետությունների ակտիվ համագործակցություն՝ խաղաղության և կայունության ապահովման հետ կապված բոլոր ուղղություններով։

Համատեղ աշխատանքի հիմնական ուղղություններից գլխավոր քարտուղարը նշել է կազմակերպության կանոնադրական մարմինների առաջիկա նիստերի նախապատրաստումը՝ ԱԳ նախարարների խորհրդի, Պաշտպանության նախարարների խորհրդի և Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի շրջանակում։

Գլխավոր քարտուղարը տեղեկացրել է նաև տարվա երկրորդ կեսին նախատեսված խոշորամասշտաբ համատեղ զորավարժությունների մասին՝ «Անքակտելի եղբայրություն», «Փոխգործակցություն», «Սահման», ինչպես նաև հատուկ զորավարժությունների՝ «Կոբալտ» և «Սկալա», և համատեղ գործողությունների՝ «Կանալ», «Վարձկան» և «Անօրինական»։

 Խոսելով հավաքական անվտանգության ապահովման հարցում Բելառուսի մոտեցումների մասին՝ Ալեքսանդր Լուկաշենկոն, մասնավորապես, նշել է․

«Բելառուսը միշտ եղել է ՀԱՊԿ-ում և հետխորհրդային տարածքի այլ կառույցներում հարաբերությունների զարգացման շարժիչ ուժը։ Մեր մոտեցումները լիովին բաց են․ մենք ոչինչ չենք թաքցնում։ Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ին, դեռ վաղուց, երբ այն նոր էր ձևավորվում, ես առաջարկել եմ գործողությունների բանաձև։ Մենք հասկանում ենք, որ այս կազմակերպության կենտրոնական օղակը Ռուսաստանն է։ Եվ բոլորը պետք է լավ հասկանան, որ, օրինակ, արևմտյան ուղղությամբ ՀԱՊԿ-ի հիմնական օղակը բնականաբար Բելառուսն է։ Եվ Աստված մի արասցե, եթե այդ ուղղությամբ որևէ հակամարտություն լինի, Ռուսաստանը միշտ պետք է այստեղ ունենա զինված ուժերի այնպիսի կորիզ, որը կմիանա բելառուսական բանակի գործողություններին՝ մեր տարածքը պաշտպանելու համար»։

Անդրադառնալով արդիական սպառնալիքներին և մարտահրավերներին հակազդելու թեմային՝ Թաալաթբեկ Մասադիկովը ընդգծել է, որ կազմակերպության գործունեության մեջ հատուկ ուշադրություն է դարձվում վերլուծական և կանխատեսման բաղադրիչների զարգացմանը։

«Գլոբալ ճգնաժամային երևույթների աճի պայմաններում մենք տեսնում ենք իրավիճակի առավել խորքային և օբյեկտիվ վերլուծության, ինչպես նաև համապատասխան առաջարկությունների մշակման անհրաժեշտությունը։ Այս համատեքստում ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նախագահ, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից դրվել է խնդիր՝ կազմակերպության հարթակում ստեղծել Եվրասիական վերլուծական հարթակ՝ անդամ պետությունների գիտական և փորձագիտական համայնքների կանոնավոր համագործակցության ձևաչափով»։