Նիկոլ Փաշինյանի՝ ՌԴ այցի ընթացքում ու դրանից հետո ռուսաստանցի պաշտոնյաների հայտարարությունները Հայաստանում ամենատարբեր արձագանքներն ունեցան, այդ թվում՝ ՀՀ ներքին կյանքին միջամտելու մեղադրանքներից՝ մինչև նախազգուշացման լեզվով խոսելը։
Տնտեսագետ Հայկ Ֆարմանյանն, օրինակ, չի կարծում, թե սա միջամտություն է կամ նախազգուշացում։
«Սա օբյեկտիվ իրականության բարձրացում է,- 168․am-ի հետ զրույցում նշեց տնտեսագետը և մանրամասնեց,- ԵԱՏՄ-ից դուրս գալը նշանակում է մեր տնտեսության փլուզում։ Եվ երբ ասում են՝ գազի գինը թող դառնա 600 դոլար, մենք դուրս կգանք ԵԱՏՄ-ից, իրենք, հավանաբար, հույսը դրել են Ադրբեջանից ավելի էժան գազ ստանալու վրա։ Նույնն Ալեն Սիմոնյանն է ասում, որ Ադրբեջանն է մեր անվտանգության երաշխավորը։
Բնականաբար, Ադրբեջանը չի կարող լինել անվտանգության երաշխավոր, ոչ էլ Ադրբեջանից գազ առնելն էներգետիկ անվտանգություն կարող է դիտվել մեր կողմից»։
Հայկ Ֆարմանյանի համոզմամբ՝ այս պահին պետք է ասելիք ունենային այն շրջանակները, որոնց ապագայում կարող են առնչվել այս որոշումները։
«Գոյություն ունի տնտեսական վիճակագրություն․ մեր արտահանման ծավալի 60 տոկոսը դեպի ԵԱՏՄ երկրներ է։ ԵԱՏՄ անդամակցումը նշանակում է նաև աշխատուժի ազատ տեղաշարժ, նաև՝ առանց մաքսատուրքերի առևտուր։ Հիմա ի՞նչ տեղի կունենա, երբ Հայաստանը դուրս գա այդ միությունից․ Ռուսաստանը մեզնից գանձելու է մաքսատուրքեր։
Այն առևտուր անող սուբյեկտները, որոնք իրենց արտադրանքն արտահանում են Ռուսաստանի Դաշնություն, թող իրենք մտածեն, ձայն հանեն։ Ես տպավորություն ունեմ, որ այդ բիզնես շրջանակները խուսափում են բարձրաձայնել իրենց սպասվելիք ռիսկերի վերաբերյալ»,- շեշտեց նա։
Դիտարկմանը, որ իրենք դեռևս խոսում են երկու տնտեսական միությունները համատեղելու հնարավորության մասին, տնտեսագետն արձագանքեց․ «Իսկ Ռուսաստանի իշխանությունները փաստն են արձանագրում, ասում են՝ դուք 2 միությունում չեք կարող լինել։ Այսինքն` եթե Եվրամիությունը թշնամաբար է տրամադրված Ռուսաստանի նկատմամբ, և դուք գնում եք դեպի Եվրամիություն, ապա․․․ ի՞նչ է ասում Օվերչուկը․ օդային սահման չեք ունենա։ Այսինքն` սա լրիվ տրամաբանական փաստի արձանագրում է ընդամենը։ Սա ո՛չ շանտաժ է, ո՛չ լավ է, ո՛չ վատ է, պարզ իրականությունը։
Այսինքն` Հայաստանի իշխանություններն ինչ կասեն, դա իրենց պատկերացումն է:
Բայց, նորից եմ կրկնում, այստեղ Հայաստանի Հանրապետության այյն տնտեսվարող սուբյեկտները, որոնք իրենց արտահանումն իրականացնում են Ռուսաստան, արդեն պետք է հետևություններ անեն, ձայն բարձրացնեն»։
Հայկ Ֆարմանյանը նաև շեշտեց, որ այսօր իրատեսական չեն նաև ԵՄ-ին ուղղված տնտեսական հեռանկարները։
«Ի՞նչ են անում Հայաստանի իշխանությունները, ասում են` մեր արտահանումը կուղղենք Եվրամիություն, ի՞նչ են ասում թվերը՝ 2025 թվականի 1-ին եռամսյակը համեմատենք 2026 թվականի 1-ին եռամսյակի հետ․ մենք նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ ունենք անկում, ու սա՝ այն պարագայում, երբ Հայաստանի իշխանությունները պետական բյուջեից ֆինանսավորում են բոլոր այն տնտեսվարող սուբյեկտներին, որոնք իրենց արտահանումն իրականացնում են դեպի Եվրամիության անդամ-երկրներ՝ այն մաքսատուրքի չափով, որը վճարման է ենթակա Եվրամիության տվյալ երկրում։
Նույնիսկ այս պարագայում, երբ 2-4 միլիարդ դոլար Հայաստանի բյուջեից ֆինանսավորվել է, այդ գումարն իր նպատակին չի ծառայել, որովհետև մենք ունենք արտահանման անկում։ Հիմա այս պարագայում խոսել այն մասին, որ Եվրամիությունը կդիտվի որպես այլընտրանք, Ադրբեջանից գազ առնելը կդիտվի որպես այլընտրանք, և այլն, աբսուրդ է․ չեմ կարող մեկնաբանել։
Այս իրողությունների թիվ մեկ շահառուն տնտեսվարողն է, արտահանողն է։ Երբ արտահանողը ձայն չի բարձրացնում, քաղաքական ուժերն ինչ ասեն-չասեն, որևէ նշանակություն չունի»,- ամփոփեց նա։









