Մարտի 13-ին ինքնասպանության փորձ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։55-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նուբարաշենի բաժին է զանգահարել հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնի հերթապահ բժիշկը և հայտնել, որ իրենց կենտրոնում ինքնասպանության փորձ է կատարվել, որը կանխվել է։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են մեկնել ոստիկանության Նուբարաշենի բաժնի ծառայողները բաժնի պետ Կարեն Հովհաննիսյանի գլխավորությամբ որտեղ պարզել են, որ նույն օրը ժամը 09։00-ի սահմաններում հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնի 6-րդ ստացիոնար դատահոգեբուժական փորձագիտական բաժանմունքի բուժառու, Արմավիրի մարզի բնակիչ 48-ամյա Լաերտ Հ․-ն 2-րդ հիվանդասենյակում անհայտ առարկայով փորձել է կտրել երակները ձախ նախաբազկի հատվածում, սակայն չի հաջողվել, այնուհետև անկողնային սավանով պատուհանի ճաղավանդակից կախվելու միջոցով փորձել է ինքնասպանություն գործել, սակայն փորձը կանխվել է հիվանդապահների կողմից։
Գ․ Շամշյանի տեղեկություններով նախքան ինքնասպանության փորձ կատարելը Լաերտ Հ․-ն նույն սենյակում թողել է երկտող՝ «Ես իմ սենյակում ապրող տղեքի հետ բացարձակ խնդիրներ չեմ ունեցել» գրությամբ։
Դեպքի փաստով ոստիկանության Նուբարաշենի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին։









