Իրանի հարավային Բուշերի նահանգի Չողադակ շրջանում գտնվող Իրանի Կարմիր մահիկի ընկերության մասնաճյուղի պահեստին ավիահարվածի հետևանքով ոչնչացվել են մարդասիրական օգնությամբ երկու բեռնարկղ և տրանսպորտային միջոցներ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Իրանի Կարմիր մահիկի ընկերությունն իր Telegram ալիքում։
«Հարձակումը տեղի է ունեցել ապրիլի 3-ին, տեղական ժամանակով ժամը 05:00-ի սահմաններում, Բուշերի նահանգի Չողադակ շրջանում։ Գրոհի հետևանքով ոչնչացվել են մարդասիրական օգնություն տեղափոխելու համար օգտագործվող 2 անվավոր բեռնարկղ, ինչպես նաև 2 ավտոբուս և փրկարարական մեքենաներ։ Մարդասիրական օգնության օբյեկտների թիրախավորումն արգելված է Ժնևի կոնվենցիաներով և միջազգային մարդասիրական իրավունքով», – նշված է հայտարարության մեջ։
Իսրայելը և ԱՄՆ-ն Իրանի դեմ գործողություններ են սկսել փետրվարի 28-ից՝ հայտարարելով, որ ռազմական արշավի նպատակն է Իրանին հրթիռային ծրագրից և միջուկային զենք ստեղծելու հնարավորությունից զրկելը։ Իրանը պատասխան հարվածներ է հասցնում Իսրայելին, ինչպես նաև տարածաշրջանային երկրներում տեղակայված ամերիկյան ուժերին։









