Foto

18-ամյա Դավիթը «Աբովյան» ՔԿՀ է տեղափոխվում դպրոցական կրթությունը չընդհատելու համար․ ՔԿԾ

Երևանի Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպից հետո կալանավորված 18-ամյա Դավիթ Մինասյանը տեղափոխվում է «Աբովյան» ՔԿՀ, որպեսզի չընդհատվի նրա կրթությունը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀ ԱՆ Քրեակատարողական ծառայության մամուլի խոսնակ Նոնա Նավիկյանը։

Ավելի վաղ Դավիթի փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը հայտնել էր, որ իր պաշտպանյալին «Արմավիր» ՔԿՀ-ից տեղափոխում են «Աբովյան» ՔԿՀ։

«Տեղափոխման հիմքում ընկած է անձի լավագույն շահը, հաշվի է առնվել ազատությունից զրկված անձի տարիքը և միջնակարգ կրթության շարունակականության ապահովման կարևորությունը»,- հայտնեց Նավիկյանը։

Հավելենք, որ 18–ամյա Դավիթ Մինասյանը սովորում է ավագ դպրոցի 12–րդ դասարանում։ «Աբովյան» ՔԿՀ-ն նախատեսված է կանանց և անչափահասների համար, սակայն օրենքը թույլ է տալիս, որ չափահաս դառնալուց հետո մինչև 21 տարեկան անձը մնա «Աբովյան» ՔԿՀ-ում, եթե դրսևորել է դրական վարքագիծ։ Անչափահասները դպրոցական կրթություն են ստանում հենց քրեակատարողական հիմնարկում։