Աֆղանական և պակիստանյան զինվորականների միջև ակտիվ մարտական բախումները վերսկսվել են հինգշաբթի երեկոյան այսպես կոչված Դյուրանդի գծի երկայնքով (Աֆղանստանի և Պակիստանի միջև Քաբուլի կողմից չճանաչված սահմանը) և շարունակվում են ուրբաթ առավոտյան, հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն՝ հղում անելով Սեդա-ե Աֆղան ալիքին:
«Աֆղանստանի իսլամական էմիրության ուժերը, ի պատասխան պակիստանյան զինվորականների կողմից հրետանային գնդակոծությունների, Խոստ և Պակտիա նահանգներից գրոհել են նրանց դիրքերը Դյուրանդի գծի երկայնքով», - ասվում է հաղորդագրության մեջ:
Ըստ նախնական տվյալների՝ առնվազն երեք պակիստանցի զինծառայող է սպանվել, ավերվել են պակիստանյան մի քանի հսկիչ անցակետեր:
Աֆղանստանի գերագույն առաջնորդի մամուլի քարտուղարի տեղակալի տվյալներով՝ Կունար նահանգում 155 ականանետային և հեռահար հրետանային արկեր են պայթել Սարկանո և Մարավարա գավառների բնակավայրերում՝ վիրավորելով երկու երեխայի և ոչնչացնելով մի ավտոմեքենա։
Եվս տասնյակ արկեր պայթել են Նավապաս և Դու Սարակի բնակավայրերում, որտեղ ութ երեխա վիրավորվել է, իսկ երկուսը՝ զոհվել։ Պակտիկա նահանգում Շակին գավառի վրա ԱԹՍ-ի հարձակման հետևանքով վիրավորվել է երեք խաղաղ բնակիչ։
«Հինգշաբթի երեկոյան պակիստանյան ռազմական վարչակարգը ևս 185 հեռահար հրետանային արկ է արձակել Կունար նահանգի Սարկանո գավառի ուղղությամբ՝ վիրավորելով 10 խաղաղ բնակչի։ Եվս 178 արկ պայթել է Կունար նահանգի Մարավարա, Դանգամ, Նարայ և Շելտան գավառներում, թեև այնտեղից զոհերի մասին տեղեկություններ դեռ չեն ստացվել»,- պարզաբանել է Ֆիտրատը:
Մամուլի քարտուղարի տեղակալը նաև հայտնել է, որ Խոստ նահանգում Զազայ Մայդան գավառի Ջանդու Գարա շրջանում անօդաչուի հարվածի հետևանքով վիրավորվել է երկու խաղաղ բնակիչ:









