Foto

Մոսկվայում այսօր կքննարկվի՞ հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարը. Զախարովայի պատասխանը

Ռուսաստանը հնարավորությունների լայն շրջանակ ու մեծ փորձ ունի՝ տեսականից մինչև գործնական, այդ թվում՝ կիբեռսպառնալիքների դեմ պայքարի հարցում։ Այսօր ճեպազրույցի ժամանակ այս մասին ասաց ՌԴ ԱԳ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով Sputnik Արմենիայի թղթակցի հարցին։


ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն օրեր առաջ հայտարարեց, որ Երևանը պատրաստ է դիտարկել նաև Մոսկվայի աջակցությունը հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարում, եթե ՌԴ-ն նման փորձ ունի։

Sputnik Արմենիայի թղթակիցը հետաքրքրվեց` հնարավո՞ր է արդյոք, որ այսօր Մոսկվայում Փաշինյան-Պուտին բանակցությունների ընթացքում նաև այդ հարցը քննարկվի, քանի որ պատվիրակության կազմում է նաև ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։


ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան շեշտեց՝ բարձր մակարդակով անցկացված բանակցություններն ավանդաբար մեկնաբանում է հենց ՌԴ նախագահի գրասենյակը։

«Ի՞նչ կարող է առաջարկել Ռուսաստանը։ Այս մասին կարելի է անվերջ խոսել։ Սա երկկողմանի երթևեկությամբ ճանապարհ է․ եթե կա կարիք և հետաքրքրվածություն, մենք պատրաստ ենք պատասխանել։ Իսկ թե ինչպիսի հնարավորություններ ունի Ռուսաստանը, այստեղ պետք է հստակեցնել պահանջը, թե կոնկրետ ինչի կարիք կա՝ տեղեկատվության պաշտպանություն, կիբեռխարդախության դեմ պայքար և այլն։ Ինչ պետք է, մենք պատրաստ ենք ոչ միայն փորձագիտական կարծիք տրամադրել, այլև համագործակցության ենք պատրաստ մի շարք ուղղություններով»,– նշեց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։

Նրա խոսքով՝ ՌԴ ԱԳՆ–ում նաև միջազգային տեղեկատվության անվտանգության դեպարտամենտ է ստեղծված, առանձին կառույցներ կան, որոնք զբաղվում են այս հարցերով։