Foto

Իրանի նախագահն ու Պակիստանի վարչապետն ավելի քան մեկ ժամ հեռախոսազրույց են անցկացրել

Պակիստանի վարչապետ Շեհբազ Շարիֆի և Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանի միջև ավելի քան մեկ ժամ տևած հեռախոսազրույցում կողմերը քննարկել են տարածաշրջանային իրադրությունը։«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հեռախոսազրույցի բովանդակության մասին X-ի իր միկրոբլոգում մանրամասներ է հայտնել Պակիստանի վարչապետը։

«Մանրամասն հեռախոսազրույց ունեցա իմ եղբոր՝ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ, որը տևեց ավելի քան մեկ ժամ։ Ես վերահաստատեցի Պակիստանի կողմից Իրանի վրա Իսրայելի շարունակական հարձակումների, այդ թվում՝ քաղաքացիական ենթակառուցվածքների վրա վերջերս կատարված հարվածների խստորեն դատապարտումը և փոխանցեցի Պակիստանի համերաշխությունը Իրանի քաջարի ժողովրդին»,-գրել է Շարիֆը։

Նա նաև հավելել է, որ Իրանի նախագահին տեղեկացրել է Պակիստանի շարունակական դիվանագիտական ​​​​միջոցառումների մասին՝ Միացյալ Նահանգների և Պարսից ծոցի ու իսլամական երկրների հետ ներգրավմամբ՝ երկխոսությունը և լարվածության թուլացումը խթանելու համար։