Foto

Նրանք կարող են ինձ ձերբակալել, բայց ժողովուրդը չի ուզում, որ նա շարունակի լինել վարչապետ․ Կարապետյան

Հայաստանում եկեղեցին մեր ինքնության հիմնական հիմքերից մեկն է, որովհետև հենց քրիստոնեական ավանդույթն է օգնել մեզ պահպանել մեր հայ լինելը։ Այս մասին հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանն ամերիկացի գործարար և բլոգեր Մարիո Նաուֆալի հետ զրույցում։

«Այսօր մեր բնակչության մոտ 93%-ը Հայ Առաքելական Եկեղեցու անդամ է։ Անցյալ տարվա առաջին եռամսյակից սկսած՝ մեր վարչապետը (որը վերջին 30 տարիների ընթացքում մեր երկրի չորրորդ առաջնորդն է) սկսել է մի գործընթաց, որը նպատակ ունի վերահսկողություն հաստատել եկեղեցու նկատմամբ։ Եվ, ինչպես արդեն նշել եմ, մենք ունենք ժողովրդավարական ավանդույթ։ Նա սկսել է հրապարակայնորեն վիրավորել Հայ եկեղեցու առաջնորդին՝ մի եկեղեցու, որն ունի երկրի բնակչության 93%-ի աջակցությունը, ինչպես նաև բազմաթիվ արքեպիսկոպոսների և քահանաների։ Նա նաև ասել է, որ իր սեռական օրգանը ցույց կտա եկեղեցու առաջնորդին։ Ես սա չեմ հորինում։ Նա մի եպիսկոպոսի ասել է. «Գնա, վերադարձիր հորդեղբորդ կնոջ հետ քնելու»։ Նա նաև հոգևորականներին մեղադրել է, թե նրանք ունեն Bentley-ներ, երեք կին, չորս սիրուհի, և յուրաքանչյուր երկրում մեկ երեխա։ Իսկ նրա կինը հոգևորականներից մեկին անվանել է, մեջբերում եմ, «երկրի գլխավոր մանկապիղծներից մեկը» և «մոլագար այլասերվածներ», որոնք, ըստ նրա, թաքնվում են այլասերումների մեջ, պահեստներում և պահարաններում։

Եվ Սամվել Կարապետյանը՝ իմ հորեղբայրը, սկսեց խոսել այս մասին։ Նա ասաց, որ դա անընդունելի է, ասաց, որ վարչապետը պետք է դադարեցնի դա։ Դուք կարդացիք այդ տեքստը, և դրանից հետո, երբ նա սա ասաց, չեմ կարող ասել՝ այդ պահին մեր վարչապետը հավասարակշռվա՞ծ վիճակում էր, թե՞ ոչ, բայց նա երեք ֆեյսբուքյան գրառում արեց՝ շատ վիրավորական գրառումներ, և հատուկ ջոկատայիններ ուղարկեց իմ հորեղբոր տուն, բայց քանի որ Սամվել Կարապետյանը ամենամեծ հայ բարերարն էր, հազարավոր ցուցարարներ եկան նրա տուն: Երբ նրանք հատուկջոկատայիններից հարցրին՝ արդյոք Սամվել Կարապետյանին ձերբակալելու հրաման ունե՞ն, հատուկջոկատայինները պատասխանեցին. «Օ՜, ոչ, կներեք, մենք նրան ձերբակալելու հրաման չունենք»: Եվ հետո, 10 ժամ անց, նրանք ստացան համապատասխան հրամանը, իսկ դրանից ևս մոտ 10 ժամ անց ձերբակալեցին Սամվել Կարապետյանին։ Այսինքն՝ այն մարդը, ում վարչապետը բանտարկեց, որը, ինչպես ասում են, փորձում էր պաշտպանել եկեղեցին, իրականում կառուցել է այն տունը, որտեղ հիմա ապրում է վարչապետը, որը հենց այստեղ՝ իմ պատուհանի դիմաց է։

Նրան ձերբակալելուց հետո, այո՛, մարդիկ տարբեր քաղաքներից եկան, և Երևանում՝ մեր մայրաքաղաքում, մեծ ցույց տեղի ունեցավ։ Շատ մարդիկ էին հավաքվել, մենք բոլորս շատ հուզված էինք, սպասման մեջ էինք։ Ես էլ էի շատ հուզված, ինչպես և իմ բոլոր հայրենակիցները։

Այսպիսով, ինչպես մենք ենք զգում, նրանք ուզում են, որ նա դուրս գա քաղաքականությունից, ուզում են, որ նա չպաշտպանի եկեղեցին, ուզում են, որ նա թողնի, որ իրենք կարողանան անել այն, ինչ ուզում են եկեղեցու հետ։ Բայց նա ասաց՝ ոչ։ Նա եղել է բանտում, հիմա գտնվում է տնային կալանքի տակ։ Բայց մենք մեր ճանապարհով ենք գնում և շարունակում ենք նրանց ասել «ոչ»։ Մենք պետք է կանգնեցնենք այս ամբողջ գործընթացը։ Պետք է ամբողջությամբ կանգնեցնենք, որովհետև դա վտանգի տակ կդնի մեր ժողովրդավարությունը։ Դա կարող է մեր երկիրը դարձնել նման հարևան երկրին, իսկ մենք չենք ուզում նմանվել նրանց։

Չորս արքեպիսկոպոս բանտում էին։ Հայաստանում, տեսեք, այսպիսի իրավիճակ է։ Պատկերացրեք՝ Ձեր երկրում թմրամիջոցների հետ կապված հանցագործությունները ութ տարվա ընթացքում հնգապատկվել են։ Մեր երկրում թմրանյութերի հետ կապված հանցագործությունները հինգ անգամ աճել են։ Ի՞նչ պետք է անել։ Եթե դուք ոստիկանություն ունեք, ինչպե՞ս կվարվեիք։ Ի՞նչ կանեիք։ Կուղարկեիք ոստիկանությանը թմրամիջոցների հետ կապված խնդիրները քննե՞լու։ Այո՛, դա լավ գաղափար է։ Գիտե՞ք նա ինչ արեց։ Նա ոստիկաններին ուղարկեց եկեղեցի։ Ոստիկանները գնացին եկեղեցի։

Մեր երկրում սովորաբար այն քաղաքական գործիչները, որոնք անհանգստացնում են վարչապետին, հայտնվում են բանտում։ Հարցումները ցույց են տալիս, նրանք տեսնում են, որ մեր կուսակցությունը հաղթելու է ընտրություններում։ Այդ պատճառով մենք տեղեկություններ ունենք, որ պատրաստվում են ձերբակալել մեր կուսակցության որոշ անդամների՝ մեզ թույլ չտալու համար մասնակցել ազատ ընտրություններին և նախընտրական գործընթացներին»։