Foto

Լուկաշենկոն կատակով սպառնացել է գյուղատնտեսության նախարարին ուղարկել գրոհային ջոկատներ

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կատակով սպառնացել է գյուղատնտեսության նախարար Յուրի Գորլովին՝ խոստանալով նրան որպես գրոհային ուղարկել ռազմաճակատ, եթե գերատեսչության ղեկավարը հորթերի համար կանխարգելիչ բուժարան (պրոֆիլակտորիում) չկառուցի, հայտնում է TASS-ը։

Նախօրեին երկրի ղեկավարն աշխատանքային այց է կատարել Մոգիլյովի մարզի Դրիբինի շրջան։ Լրագրողների հետ զրույցի ընթացքում նա, ի թիվս այլ հարցերի, անդրադարձել է նաև իր հանձնարարությամբ հունվարից անցկացվող հանրապետության զինված ուժերի հանկարծակի ստուգումներին։

«Բոլորը վազեցին՝ և՛ գեներալները, և՛ գնդապետները։ Բոլորը վազում են։ Իսկ պատերազմի ժամանակ ինչպե՞ս կլինի։ Ես վազելո՞ւ եմ, իսկ ինչ-որ մեկը հանգստանալո՞ւ է։ Ո՛չ, տղանե՛ր։ Ահա Գորլովը՝ նա առջևից կգնա, որպես գրոհային, եթե հորթերի համար բուժարանը չկառուցի։ Վաշտ կղեկավարի», - ասել է պետության ղեկավարը։ Համապատասխան տեսանյութը հրապարակել է նախագահի մամուլի ծառայությանը մոտ կանգնած «Пул первого» Telegram-ալիքը։

Սրան նախարարը պատասխանել է. «Կկառուցեմ ու կգնամ»։ «Ավելի լավ է կառուցիր, իսկ այնտեղ արդեն…», - ժպտալով հավելել է Լուկաշենկոն։