Ֆրանսիան պատրաստ է աջակցել Իսրայելի և Լիբանանի միջև բանակցություններին, X սոցիալական ցանցում հայտնել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։
Մակրոնի խոսքով՝ երեկ նա բանակցություններ է վարել նախագահ Աունի, վարչապետ Սալամի և խորհրդարանի խոսնակ Բերրիի հետ։
«Անհրաժեշտ է ձեռնարկել բոլոր հնարավոր քայլերը, որպեսզի թույլ չտանք, որ Լիբանանն ընկղմվի քաոսի մեջ։ «Հեզբոլլահը» պետք է անհապաղ դադարեցնի իրավիճակի վտանգավոր վատթարացումը, որին ինքն է տանում», - նշել է Ֆրանսիայի նախագահը։
Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ Իսրայելը պետք է հրաժարվի լայնամասշտաբ հարձակումից և դադարեցնի զանգվածային հարվածներն այն ժամանակ, երբ հարյուր հազարավոր մարդիկ արդեն փախել են ռմբակոծություններից։
«Լիբանանի կառավարությունը պատրաստակամություն է հայտնել ուղղակի բանակցություններ վարել Իսրայելի հետ։ Այդ բանակցություններում պետք է ներկայացված լինեն պետության բոլոր բաղադրիչները։ Իսրայելը պետք է օգտվի այս հնարավորությունից, սկսի բանակցությունները և հասնի կրակի դադարեցմանը, գտնի կայուն լուծում և թույլ տա լիբանանյան իշխանություններին կատարել իրենց պարտավորությունները՝ հանուն Լիբանանի ինքնիշխանության։ Ֆրանսիան պատրաստ է աջակցել այդ քննարկումների անցկացմանը և հյուրընկալել դրանք Փարիզում», - եզրափակել է նա։
Ավելի վաղ Axios պարբերականը, հղում անելով ԱՄՆ-ի և Իսրայելի պաշտոնյաներին, հայտնել էր, որ Իսրայելը ծրագրում է զգալիորեն ընդլայնել Լիբանանում իր ցամաքային գործողությունը՝ նպատակ ունենալով գրավել Լիտանի գետից հարավ ընկած ողջ տարածքը և ոչնչացնել «Հեզբոլլահ» շարժման ռազմական ենթակառուցվածքները։
Իսրայելցի պաշտոնյաների փոխանցմամբ՝ դեռ մի քանի օր առաջ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի կառավարությունը դեռ փորձում էր զսպել Լիբանանում տիրող էսկալացիան, որպեսզի կենտրոնանա Իրանի վրա։
Այս հաշվարկը փոխվել է չորեքշաբթի օրը, երբ «Հեզբոլլահը» ավելի քան 200 հրթիռ է արձակել Իրանի հետ համակարգված զանգվածային հարձակման ժամանակ, որն իր հերթին տասնյակ սեփական հրթիռներ է արձակել։
Իսրայելի պաշտպանության բանակը տարհանման հրամաններ է արձակել ողջ Հարավային Լիբանանում և (առաջին անգամ) Լիտանի գետից հյուսիս ընկած գյուղերում ու բնակավայրերում, ինչպես նաև Բեյրութի հարավային արվարձաններում գտնվող «Հեզբոլլահի» հենակետերում։ Հակամարտության սկզբից ի վեր Լիբանանի շուրջ 800,000 խաղաղ բնակիչներ ստիպված են եղել լքել իրենց տները։ Զոհվել է առնվազն 773 մարդ, որոնցից շատերը խաղաղ բնակիչներ են եղել։









