Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր կքննարկվի կարգալույծ Ստեփան Ասատրյանի ներկայացրած հայցի ապահովումը վերացնելու հարցը։ Դատական նիստը նշանակված է ժամը 16:30-ին՝ Էջմիածնի նստավայրում, նախագահող դատավորն է Սիմա Աբովյանը։
Հիշեցնենք՝ խոսքը վերաբերում է Ասատրյանի՝ Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու դեմ ներկայացրած հայցին, որով նա վիճարկում է Ամենայն հայոց կաթողիկոսի հայրապետական տնօրինությունը՝ իրեն կարգալույծ հռչակելու վերաբերյալ։
Ավելի վաղ դատարանը, որպես հայցի ապահովման միջոց, պարտավորեցրել էր Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցուն և այլ անձանց ամբողջությամբ և առանց խոչընդոտների ապահովել Ստեփան Արտակի Ասատրյանի (Տ. Արամ քահանա Ասատրյանի) պաշտոնավարումը Սուրբ Հովհաննավանքի հոգևոր հովվի պաշտոնում։ Այսօր նախատեսված նիստում կքննարկվի այդ ապահովման միջոցը վերացնելու հարցը։
Հիշեցնենք, որ կարգալույծ նախկին հոգևորական Տ. Արամ քահանա Ասատրյանը դատարան է դիմել՝ պահանջելով անվավեր ճանաչել Ամենայն հայոց կաթողիկոսի 2025 թվականի հոկտեմբերի 21-ի թիվ 1042 հայրապետական տնօրինությունը՝ իրեն կարգալույծ հռչակելու մասին։
Հայցով նա նաև պահանջում է վերականգնել իրեն Սուրբ Հովհաննավանքի հոգևոր հովվի պաշտոնում։ Գործը մակագրվել է դատավոր Սիմա Աբովյանին, իսկ պատասխանող կողմը «Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցի» ԿԿ-ն է։









