Foto

Բնակարանային գողություններ կատարող Հրազդանի 2 բնակիչը հայտնաբերվել են (տեսանյութ)

Քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Հրազդան քաղաքի բնակիչ 42 և 47 տարեկան երկու տղամարդիկ կատարում են բնակարանային գողություններ։

Տեղեկությունը ստուգվեց, հաստատվեց և նախապատրաստական որոշակի գործողություններից հետո իրացվեց Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողների հետ համատեղ։

Փետրվարի 27-ին՝ կեսգիշերից քիչ անց, հերթական բնակարանային գողությունը կատարելուց հետո Հրազդանի Չարենցի փողոցում տղամարդիկ ձերբակալվեցին և իրենց վարած «Ռենո» մակնիշի մեքենայով հանդերձ տեղափոխվեցին Կոտայքի մարզային վարչություն։ Հատուկ պահպանվող տարածքում մեքենան կնիքվեց։

Երկուսն էլ կազմված փաստաթղթերով ներկայացվել են Կոտայքի մարզային քննչական վարչություն, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ։

Տղամարդիկ խոստովանեցին իրենց կատարած բնակարանային գողության 22 դրվագ։

Պարզվեցին նաև գողոնը պահելու վայրերը, իսկ վերջին դրվագով Հրազդանի Մաքրավան թաղամասում գողացվածը հայտնաբերվել է «Ռենո» մակնիշի մեքենայում։

Պարզվել է, որ տղամարդիկ գողություններ են կատարել ոչ միայն Կոտայքի մարզում, մասնավորապես՝ Հրազդան քաղաքում, Չարենցավանում, Աղավնաձորում, Առինջում, այլև Գեղարքունիքում՝ Լճափ, Չկալովկա և Նորաշեն գյուղերում։ Տարել են կենցաղային իրեր, էլեկտրական սարքեր ու տարբեր գործիքներ, խմիչք և այլն։

Դատարանի որոշմամբ երկուսի նկատմամբ էլ խափանման միջոց է ընտրվել կալանքը։

Նախաքննությունը շարունակվում է։