Foto

Իրանի ԱԳՆ-ն հերքել է երկրի առնչությունը Կիպրոսի, Թուրքիայի և Ադրբեջանի վրա գրոհներին

Իրանը որևէ առնչություն չունի Կիպրոսի, Թուրքիայի և Ադրբեջանի վրա անցյալ շաբաթ իրականացված գրոհների հետ, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Al Jazeera-ն։

Նա նշել է, որ «Իրանի տարածքից որևէ հարձակում չի սկսվել» այդ երկրների վրա։

Բաղային նաև նշել է, որ հարձակումներից մի քանիսը կարող էին «բեմադրված» լինել։

«Մենք բազմիցս զգուշացրել ենք, որ թշնամին կարող է որոշակի հարձակումներ կազմակերպել՝ մեր և այլ երկրների միջև սեպ խրելու համար», - հավելել է դիվանագետը։

Մարտի 2-ին Կիպրոսի Ակրոտիրիի բրիտանական ռազմակայանը անօդաչու թռչող սարքի հարձակման էր ենթարկվել, պատճառվել էր նյութական վնաս։ Այս միջադեպից հետո եվրոպական մի քանի երկիր հայտարարել են Կիպրոս ռազմանավեր ուղարկելու մասին՝ կղզին պաշտպանելու համար։

Մարտի 4-ին հաղորդվել էր, որ ՆԱՏՕ-ի ՀՕՊ համակարգերը խոցել են իրանական բալիստիկ հրթիռ, որը շարժվում էր Թուրքիայի ուղղությամբ։

Իսկ մարտի 5-ին Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը և պաշտպանության նախարարությունը հայտնել են Իրանից արձակված անօդաչուների մասին։ ԱԹՍ-ներից մեկն ընկել էր Նախիջևանի օդանավակայանի տերմինալի շենքի վրա, ևս մեկը՝ Շեքերաբադ գյուղի դպրոցի մերձակայքում։ Միջադեպի հետևանքով վիրավորվել է 4 մարդ։ Ադրբեջանի իշխանությունները հայտարարել են, որ երկիրն իրավունք ունի հակահարված տալու։ Իրանի գլխավոր շտաբը հերքել է անօդաչու թռչող սարքեր Ադրբեջանի օդային տարածք արձակելու մասին տեղեկությունը՝ միջադեպի համար մեղադրելով Իսրայելին։