Foto

Հայաստանի միջոցով Կենտրոնական Ասիան Եվրոպային կապելու նոր հնարավորություններ են բացվել

Հայաստանի և Ադրբեջանի միջև վաշինգտոնյան համաձայնություններից հետո բացվել են նոր հնարավորություններ Հայաստանի միջոցով Կենտրոնական Ասիան Եվրոպային կապելու համատեքստում, իսկ այս ամբողջ շղթայի մեջ շատ կարևոր հանգույց է նաև Հունաստանը։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցն Աթենքից, լրագրողների հետ զրույցում այս մասին ասել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը, որը պետական այցով Հունաստանում գտնվող ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի գլխավորած պատվիրակության կազմում է։   «2025 թվականի օգոստոսի 8֊ից հետո բացվել են նոր հնարավորություններ Հայաստանի միջոցով Կենտրոնական Ասիան Եվրոպային կապելու համատեքստում, իսկ Հունաստանը այս ամբողջ շղթայի մեջ շատ կարևոր հանգույց է։

Հիմա պիտի աշխատենք, որպեսզի Հունաստանը և Հայաստանը, ընդհանուր առմամբ, Հարավային Կովկասն այս ուղղությամբ ավելի սերտացնեն համագործակցությունը։ Ես կարող եմ նշել, որ ոչ միայն Հունաստանից, այլ Եվրամիության անդամ շատ երկրներից մեծ հետաքրքրություն կա Հայաստանում ներդրումներ անելու հարցում»,֊ասել է Վահան Կոստանյանը՝  հավելելով, որ Հայաստանի կառավարությունը մեծ շահագրգռվածություն ունի խորացնելու հարաբերությունները թե՛ Հունաստանի, թե՛ Եվրոպական միության հետ։Կոստանյանն ընդգծել է, որ նախագահ Վահագն Խաչատուրյանի՝ Հունաստան կատարած պետական այցի ընթացքում վերահաստատվել է քաղաքական հարաբերությունների այն բարձր մակարդակը, որ ավանդաբար ունեն երկու երկրները։

Նրա խոսքով՝ ի հավելումն քաղաքական հարցերի՝ Հունաստանի հետ օրակարգում կարևոր դեր են խաղում նաև տնտեսական հնարավորությունների մասին քննարկումները։«Այսօր հանդիպեցինք Հունաստանի բիզնեսի ներկայացուցիչների հետ։ Հանդիպման առանցքում երկու երկրների միջև տնտեսական զարգացման հնարավորություններն էին։

Այս թեման նաև շոշափվել է պաշտոնական հանդիպումների ընթացքում։ Ներկայացրել ենք այն տնտեսական հնարավորությունները, որոնք կան Հայաստանում, ինչպես նաև տնտեսական հաջողությունները, որոնք վերջին տարիների ընթացքում մեր երկրում գրանցվել են։ Ներկայացրել ենք նաև թիրախային ոլորտներում ներդրումային հեռանկարները»,֊ մանրամասնել է  Վահան Կոստանյանը։