Միգրացիայի միջազգային կազմակերպությունը հայտարարել է, որ 53 ներգաղթյալ, այդ թվում՝ երկու երեխա, զոհվել կամ անհետ կորել են, երբ Լիբիայի ափերի մոտ շրջվել է 55 մարդ տեղափոխող ռետինե նավակը։ Հայտնում էՌոյթերսը։
Նավակը մեկնել էր Զավիա քաղաքից հինգշաբթի օրը, այնուհետև շրջվել էր Զուվարայի ափերի մոտ ուրբաթ օրը, հայտնել է ՄՄԿ-ն իր հայտարարության մեջ։ Զավիան և Զուվարան Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիից դեպի արևմուտք գտնվող առափնյա քաղաքներ են։
«Լիբիայի իշխանությունների իրականացրած որոնողափրկարարական գործողության ընթացքում փրկվել են միայն երկու նիգերիացի կանայք։ Վերապրածներից մեկը հայտնել է ամուսնուն կորցնելու մասին, իսկ մյուսն ասել է, որ ողբերգության ժամանակ կորցրել է իր երկու մանկահասակ երեխաներին»,-նշել է ՄՄԿ-ն։
ՄԱԿ-ի գործակալության տվյալներով՝ 2025 թվականին Միջերկրական ծովում ավելի քան 1,300 ներգաղթյալ անհետ կորել է։









