1957 թվականին Սամուր-Դիվիչինսկի ջրանցքի վրա կառուցվել է ջրընդունիչ ամբարտակ: Նույն տարում Ադրբեջանական ԽՍՀ-ի խնդրանքով Խորհրդային Միությունը Դաղստանի Մագարամքենթի շրջանում կառուցել է Սամուրի խոշորագույն հիդրոհանգույցը։ Համակարգը նախատեսված էր Դաղստանի հարավային տարածքներն ու Ադրբեջանի տարածքի մի զգալի մասը՝ Զաքաթալայից մինչև Աբշերոնի թերակղզի, ջրամատակարարմամբ ապահովելու համար։
Ջրային նոր համակարգերի շահագործման հետևանքով անտառային տարածքներն ավելի քիչ են ոռոգվել։ 1960-ական թվականներին Սամուր գետի հատվածում արձանագրվել է էկոլոգիական իրավիճակի վատթարացում, կենսաբազմազանության անկում։
Գետի ջրային պաշարների բաշխումը կարգավորվել է ԽՍՀՄ Ջրային պաշարների նախարարության 1967 թվականի հոկտեմբերի 7-ի արձանագրությամբ: Դրա համաձայն՝ ջրի 33.7%-ը սահմանվել է որպես էկոլոգիական թողք, 16.7%-ն օգտագործելու իրավասություն է վերապահվել Դաղստանին, 49.6%-ը՝ Ադրբեջանին: Սակայն ջրամատակարարման համակարգի վերահսկողությանը տիրապետելու արդյունքում ադրբեջանական կողմը երբեմն օգտագործել է ջրի ծավալի ընդհուպ մինչև 90%-ը։ Փաստացի՝ տեղի է ունեցել տարածքների և ջրի անհավասարաչափ փոխանակում, ինչը հետագայում նոր դժգոհությունների պատճառ է դարձել։
Խորհրդային Միության փլուզումից հետո՝ 1991 թվականին, վարչական սահմանը դարձել է Ռուսաստանի և Ադրբեջանի միջև պետական սահման՝ միմյանցից արդեն նաև պետականորեն տարանջատելով տեղաբնակ լեզգի, ավար և այլ ժողովուրդների։ Արդյունքում՝ ոռոգման և խմելու ջրի անհավասարաչափ բաժանման խնդրին ավելացել են նաև դեռ խորհրդային տարիներից խորացող միջէթնիկ հակասությունները։ Ադրբեջանական կողմում մնացած լեզգիներին սկսել են բռնի կերպով «ադրբեջանացնել», լեզգիական «Սադվալ» շարժումը հայտարարվել է ահաբեկչական, ակտիվիստները բանտարկվել են, լեզգիերենի և նրանց դասագրքերի կիրառությունն արգելվել է։ «Հարավային» և «հյուսիսային» լեզգիների միջև ցանկացած շփում վերահսկվել է Ադրբեջանի անվտանգության ծառայությունների կողմից։ Դաղստանում, տեղի վարչական մարմիններում ադրբեջանցիների աճով պայմանավորված, լեզգիների շահերը, այդ թվում՝ Սամուր գետի ջրային պաշարներին հասանելիության առումով, հետին պլան են մղվել։
2007 թվականի դրությամբ արձանագրվել է, որ Ռուսաստանի և Ադրբեջանի միջև սահմանի 5-10%-ը սահմանազատված չէ։ Դեռևս վիճելի են Բալականի շրջանում (Ադրբեջանի, Ռուսաստանի և Վրաստանի սահմանների հատման կետ), Խաչմազի անտառապատ տարածքում և Սամուրի գետաբերանի մոտ գտնվող հատվածները։ 2008 թվականին Բաքուն սկսել է Սամուր-Աբշերոնի հիդրոհամակարգի վերակառուցումը, ինչի հետևանքով գետից ջրառն ավելացել է, իսկ էկոլոգիական հավասարակշռությունը՝ խախտվել։
2009 թվականին Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Վասիլի Իստրատովը հայտարարել է, որ Ադրբեջանի և Ռուսաստանի միջև սահմանազատման հարցի լուծմանը խոչընդոտում են Սամուր գետի օգտագործման և պահպանության շուրջ տարաձայնությունները։ Խնդիրը հիմնականում պայմանավորված է եղել նրանով, որ ադրբեջանական կողմն օգտագործել է ջրի մեծ մասը, ինչի հետևանքով Դաղստանի բնակիչները զրկված են եղել այգիները ոռոգելու հնարավորությունից։
Երկարատև բանակցությունների արդյունքում 2010 թվականի սեպտեմբերի 3-ին Բաքվում Ադրբեջանի և Ռուսաստանի միջև ստորագրվել է «Անդրսահմանային Սամուր գետի ջրային ռեսուրսների արդյունավետ օգտագործման և պաշտպանության ոլորտում համագործակցության մասին» համաձայնագիրը։ Դրանով՝ ջրի 30,5%-ը նախատեսվել որպես բնապահպանական թողք, իսկ մնացած մասը պետք է կողմերն օգտագործեին հավասարաչափ։ Ստեղծվել է համատեղ հանձնաժողով, որի նպատակ է հռչակվել գետի ջրային պաշարների բաշխման հետ կապված բոլոր հարցերի արդարացի և միջազգային պրակտիկային համապատասխան լուծումը։ Հանձնաժողովը հետագա տարիներին պարբերաբար նիստեր է անցկացրել՝ քննարկելով Սամուր գետի ջրային պաշարների բաշխման և մոնիթորինգի, Սամուրի հիդրոհամակարգի համատեղ շահագործման և այլ հարցեր։ Քննարկումներից հետո ստորագրվել են ապագա գործունեության վերաբերյալ արձանագրություններ։ Նույն օրը Բաքվում ստորագրվել է նաև Ռուսաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի մասին պայմանագիրը։ Դրանով, ըստ էության, Ռուսաստանը դարձել է առաջին երկիրը, որի հետ Ադրբեջանը պետական սահմանի մասին պայմանագիր է ստորագրել։ Հայտարարվել է, թե սահմանային խնդիրներ չկան, և որ պայմանագիրը բխում է դաղստանցիների շահերից։ Սակայն պայմանագրի հիմնական դրույթներն ակնհայտ են դարձել սահմանազատման աշխատանքները մեկնարկելիս՝ 2013 թվականին՝ անակնկալի բերելով տեղի բնակիչներին։ Պարզվել է, որ պայմանագրով երկու երկրների միջև սահմանը Սամուր գետի աջ ափից տեղափոխվել է կենտրոն։ Ադրբեջանին են հանձնվել Դաղստանի Մագարամքենթի շրջանի լեզգիական Խրախ-Ուբա և Ուրյան-Ուբա գյուղերը՝ ՌԴ քաղաքացի հանդիսացող 600 բնակչությամբ։
Չնայած տեղացիների դժգոհություններին, հանրահավաքներին, լեզգիական «Սադվալ» (Ադրբեջանի կողմից ճանաչվել է ահաբեկչական) և «Լեզգիական ազգային-մշակութային դաշնային ինքնավարություն» կազմակերպությունների կողմից Ռուսաստանի տարբեր քաղաքներում անցկացված բողոքի ցույցերին՝ պայմանագրի կետերը մնացել են անփոփոխ։ Արդյունքում՝ Ադրբեջանի տարածքում հայտնված գյուղերի բնակիչները, չհամաձայնելով ստեղծված իրավիճակի հետ, մերժելով Ադրբեջանի քաղաքացիություն ստանալու առաջարկը, աստիճանաբար տեղափոխվել են Դաղստան։ Հետագա տարիներին կազմակերված քննարկումները, բարձրաձայնված խնդիրներն ու արված առաջարկները նույնպես արդյունք չեն տվել։
Ջրի հավասարաչափ բաշխման հարցը պայմանագրով նույնպես չի լուծվել, թեև Ռուսաստանին հատկացված նախկին 19,6% սահմանաչափը փոխարինվել է 50%-ով։ Բաքուն շարունակել է օգտագործել ջրային պաշարների մեծ մասը՝ չորացման մատնելով Դաղստանի դաշտերը, հատուկ պահպանվող տարածքներն ու նույնիսկ մտադրվելով փոխել գետի հունը՝ իր տարածքի ընդլայնման և ռուսական կողմի լեզգիական գյուղերի ջրածածկման նպատակով։ Ադրբեջանական կողմում իրականացված ամրաշինական աշխատանքների հետևանքով սրված էկոլոգիական խնդիրները բնակիչների կողմից բողոքի ցույցերի, ոստիկանության հետ բախումների, ձերբակալությունների ու տեղի իշխանություններից դժգոհության առիթ են դարձել։ Դաղստանյան հատվածում ջրի ծավալի անկման հետևանքով լարվել են նաև հարաբերությունները տեղի բնակավայրերի բնակիչների միջև. սահմանափակ քանակությամբ ջուրը չի բավարարում ո՛չ Դերբենտ քաղաքին, ո՛չ հարակից գյուղերին։
Կան կարծիքներ, որ Ռուսաստանը տարածքներ է զիջել Ադրբեջանին՝ նախապատվությունը տալով իր նավթագազային առաջնահերթություններին։ Համարվում է, որ «դաղստանյան հողեր՝ էներգետիկ պաշարների դիմաց» գործարքի արդյունքում Մոսկվան կանխել է իր շահերի շրջանցմամբ ադրբեջանական գազի արտահանումը Եվրոպա։ Ադրբեջանի դեպքում Սամուր գետի և նրա հատվածում սահմանազատման գործընթացի կարևորության առանցքում ոչ միայն մայրաքաղաքի և Աբշերոնի թերակղզու ջրամատակարարումն ապահովելն է և երկրի ջրային անվտանգության խնդրի մեղմումը, այլև՝ սահմանամերձ շրջաններում լեզգի բնակչությանը հնազանդության մեջ պահելու և դեպի հարևան երկրների ադրբեջանաբնակ տարածքներ ազդեցությունը տարածելու Բաքվի քաղաքականությունը։
Վերջինի տրամաբանության շրջանակներում ադրբեջանական իշխանությունները Դաղստանի հարավային շրջաններում փափուկ ուժի միջոցով փորձում են արմատավորվել։ Դրա վառ վկայություններից են փողոցի անվանակոչումը Հեյդար Ալիևի անունով, դպրոցներում ՌԴ նախագահ Պուտինի դիմանկարի կողքին հայր և որդի Ալիևների նկարների առկայությունը, ադրբեջանական դասագրքերով դասավանդումը, աշակերտների շրջանում գաղափարախոսական այլ աշխատանքները։ Կան նաև տվյալներ ռուսաստանցի պաշտոնյաների անգործության և կոռուպցիոն գործարքներում ներգրավվածության պայմաններում տեղի բնակչության շրջանում ադրբեջանական անձնագրեր բաժանելու, միտումնավոր ներդրումների, ադրբեջանական քարոզչական աշխատանքների մասին։
Ռուսաստանի և Ադրբեջանի միջև Սամուր գետի հատվածում սահմանազատման և սահմանագծման աշխատանքները դեռ չեն ավարտվել։ Պաշտոնական տեղեկացմամբ՝ գործընթացն իրականացվում է կառուցողական և փոխըմբռնման մթնոլորտում։ Սակայն, 2025 թվականին, երկու երկրների միջև քաղաքական հակասությունների համատեքստում, վերստին արտահայտված սահմանային և ջրային խնդիրների մասին խոսակցությունները փաստում են, որ ադրբեջանական կողմը դեռ ոգևորված է 2010 թվականի պայմանագրում արձանագրած իր հաջողությամբ։ Բաքուն անպատժելիության պայմաններում շարունակում է հետևողականորեն առաջ մղել ՌԴ հարավային շրջաններում իր ազդեցության տարածման քաղաքականությունը։ Այդ նպատակով շահարկում է Դաղստանի տարածքում ադրբեջանական բնակչության առկայության հանգամանքը, աշխարհաքաղաքական իրադարձությունների համատեքստում՝ իր կարևորությունը։









