Foto

Ֆրանսիայի Ազգային ժողովը Թուրքիայում մարդու իրավունքների խախտման բանաձև է ընդունել

Ֆրանսիայի Ազգային ժողովը միաձայն ընդունել է բանաձև, որը ուշադրություն է հրավիրում Թուրքիայում ժողովրդավարության և մարդու իրավունքների խախտումների վրա, մասնավորապես՝ Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի կալանավորման հարցում։ Փաստաթղթում զգուշացվում է քաղաքական ճնշումների «նորմալացման» վտանգի մասին և շեշտվում է, որ ժողովրդավարությունը չի կարող դառնալ դիվանագիտական սակարկությունների գործիք։

Բանաձևը խորհրդարանի օրակարգ է ներկայացրել ֆրանսիացի պատգամավոր Պիեռ Կազնևը՝ ընդգծելով, որ լռությունը ժողովրդավարական նահանջների նկատմամբ հանգեցնում է անդառնալի հետևանքների։ Նրա խոսքով՝ նախաձեռնությունը ոչ թե սադրանք է կամ խզման կոչ, այլ ազատ կամքով ստանձնած ժողովրդավարական պարտավորություններին հավատարմության արտահայտություն։

Կազնևը նշել է, որ Ազգային ժողովի ուղերձը նաև հույսի ազդակ է՝ ուղղված ընտրված ներկայացուցիչներին, լրագրողներին, ուսանողներին և Թուրքիայի քաղաքացիներին, և վերահաստատել է, որ Ֆրանսիան շարունակելու է կանգնել ժողովրդավարության և ազատությունների համար պայքարողների կողքին։

Ermenihaber