Արարատ քաղաքի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու հոգևոր դասը ջերմորեն շնորհավորում է Մասյացոտնի թեմի նորանշանակ բարեխնամ առաջնորդական տեղապահ Տեր Ռուբեն վարդապետ Զարգարյանին:
«Բոլորիս աղոթքն է, որ Երկնավոր Տերը զորակից լինի Հոգեշնորհ Հայր Սուրբին՝ առաջնորդական դժվարին առաքելության ճանապարհին՝ ի նպաստ Մասյացոտնի թեմի զորացման և հավատացյալների հոգևոր կյանքի առաջընթացի»,- ասվում է հաղորդագրությունում։
Հիշեցնենք՝ հունվարի 10-ին Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական տնօրինությամբ Մասյացոտնի թեմի առաջնորդ Գերշ․ Տ․ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը ազատվել է թեմակալ առաջնորդի պաշտոնից։ Տնօրինության համար հիմք են ծառայել առաջնորդի հանգամանքը չարաշահելու, պարտականությունների մեջ թերանալու, թեմի եկեղեցականաց նկատմամբ հարկադրանք ու ճնշումներ գործադրելու պարագաները։
Հայրապետական տնօրինությամբ Մասյացոտնի թեմի առաջնորդական տեղապահ է նշանակվել Հոգեշնորհ Տ․ Ռուբեն վարդապետ Զարգարյանը։









