Լոռու մարզում վերջերս նկատված ազնվացեղ եղջերուն վերադարձվել է «Դիլիջան» ազգային պարկ՝ մարդու միջամտությունից բխող հնարավոր վնասները կանխելու նպատակով։ Այս մասին հայտնում է WWF Հայաստանը։
«Քաղաքացիների կողմից կենդանու հետ անմիջական շփումը, կերակրման կամ նկարահանման փորձերը խաթարում են նրա բնական վարքը և կարող են առաջացնել անվտանգության ռիսկեր թե՛ մարդու, և թե՛ կենդանու համար։ Վայրի կենդանին, անգամ խաղաղ պահվածքի դեպքում, կարող է առանց դիտավորության վնաս հասցնել։
. Ձեր և եղջերուի անվտանգությունն ապահովելու համար խնդրում և հորդորում ենք հետևել ստորև նշված անվտանգության կանոններին`
. Մի´ մոտեցեք եղջերուին կամ փորձեք դիպչել նրան. պահպանե´ք անվտանգ հեռավորություն,
. Զե´րծ մնացեք եղջերուին կերակրելուց. այն ունի սննդի իր բնական աղբյուրները,
. Խուսափե´ք բարձր ձայներից կամ հանկարծակի շարժումներից՝ եղջերուին չվախեցնելու համար,
. Երթևեկելիս՝ կենդանուն նկատելու դեպքում զգուշացե´ք, նվազեցրե´ք արագությունը՝ վթարներից խուսափելու համար:
. Իրազեկե´ք այլոց եղջերուների հետ հնարավոր հանդիպման մասին, որպեսզի նվազագույնին հասցվի մարդու և կենդանու միջև կոնֆլիկտի հավանականությունը:
Հիշեցնենք, որ եղջերուների տեղաշարժը հսկվում է ռադիովզկապով։
Կենդանիները գտնվում են պետական պահպանության ներքո, և դրանց վնասումը ենթադրում է օրենքով սահմանված պատասխանատվություն։ Ազնվացեղ եղջերուին վնասելու դեպքում պետությանը պատճառված վնասը հաշվարկվելու է 15 մլն դրամ, ինչպես նաև սահմանված են պատասխանատվության միջոցներ ՀՀ Քրեական օրենսգրքի 386-րդ հոդվածով։
«Կովկասյան ազնվացեղ եղջերուի վերաբնակեցումը Հայաստանում» ծրագիրը 2013 թվականից ի վեր իրականացվում է WWF-Հայաստանի և ՀՀ շրջակա միջավայրի նախարարության (ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն Ministry of Environment of Armenia) կողմից:









