Ֆրանսիայում հունվարի 8-ի երեկոյան մոլեգնած «Գորետի» ցիկլոնն առանց էլեկտրականության է թողել 380 000 տուն, հիմնականում հանրապետության հյուսիս-արևմուտքում գտնվող Նորմանդիայի տարածաշրջանում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հունվարի 9-ին հաղորդել է BFMTV հեռուստաալիքը՝ հղում անելով Enedis էլեկտրաէներգիայի մատակարարման ծառայությունը կառավարող ընկերությանը։
Enedis-ը հայտարարել է, որ ներկայում առանց էլեկտրականության է մնացել 380 000 տուն, հիմնականում՝ Նորմանդիայում (266 200)։ Բրետանում առանց էլեկտրականության է մնացել 21 000, Պիկարդիայում՝ 18 500, իսկ Իլ դը Ֆրանսում՝ 13 500 տուն։
Ըստ հեռուստաալիքի՝ տարերային աղետների կանխարգելման մասնագետ Գայել Մուշկետի խոսքով՝ տարերքի հարվածի հետևանքների վերացման համար կպահանջվի մի քանի օր։
BFMTV-ի հաղորդմամբ՝ «Գորետի» ցիկլոնի քամու պոռթկումները Մանշ դեպարտամենտում հասել են ժամում 213 կիլոմետր արագության։
Հունվարի 8-ին Ֆրանսիայի օդերևութաբանական ծառայությունը «Գորետի» ցիկլոնի մոտենալու ֆոնին եղանակային վտանգի կարմիր մակարդակ է հայտարարել երկրի հյուսիսարևմտյան Մանշ դեպարտամենտում։
Հանրապետության օդերևութաբանական ծառայության տվյալներով՝ 21 դեպարտամենտում պահպանվում է եղանակային վտանգի նարնջագույն մակարդակը։









