Հունաստանում Հայաստանի Հանրապետության դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Հունաստանում գործող մի շարք հեղինակավոր երիտասարդական և քաղաքացիական կառույցների ներկայացուցիչների հետ և հանդես եկել դասախոսությամբ։
Այս մասին հայտնում է Հայաստանում ՀՀ դեսպանությունը՝ մանրամասնելով, որ դեսպան Մկրտչյանը հանդիպման ընթացքում ամփոփել է 2025 թ․ ընթացքում Հայաստանի արտաքին քաղաքական ձեռքբերումները։
Նշվում է, որ դեսպանը մասնավորապես անդրադարձել է երեք ուղղություններով արձանագրված առաջընթացին։
«Նախ, ներկայացվել է օգոստոսին Վաշինգտոնում կնքված փաստաթղթերը և վաշինգտոնյան հռչակագիրը։ Այդ համատեքստում արձանագրվել է «Հանուն խաղաղության և բարգավաճման Թրամփի ուղու» կարևորությունը «Խաղաղության խաչմերուկ» նախագծի համատեքստում և վերջինիս իրավական ամրագրումը և աջակցությունը ԱՄՆ կողմից։ Քննարկվել են Ադրբեջանի հետ խաղաղության հաստատման հեռանկարները և դրա արդյունքում տարածաշրջանային զարգացման հնարավորությունները»,-նշել է ՀՀ դեսպանությունը։
Հաղորդվում է, որ դեսպան Մկրտչյանն անդրադարձել է նաև 2025 թ․ հունվարին ՀՀ և ԱՄՆ-ի միջև հաստատված ռազմավարական գործընկերության փաստաթղթին՝ տնտեսական, անվտանգության և պաշտպանության, ժողովրդավարության, ներառականության և միջանձնային հարաբերությունների ենթաշերտերով։ Դեսպանը հավելել է, որ ռազմավարական հարաբերությունների ինստիտուցիոնալ բնույթը վերահաստատվել է ԱՄՆ նոր վարչակազմի կողմից ինչպես ԱՄՆ նախագահի կողմից, այնպես էլ Վաշինգտոնում կնքված երկկողմ փաստաթղթերի միջոցով։
Մանրամասն ներկայացվել է նաև Եվրոպական Միության հետ հարաբերություններում արձանագրված աննախադեպ առաջընթացը, որի կարևորագույն բաղադրիչը հանդիսացավ դեկտեմբերին Բրյուսելում կնքված ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգի փաստաթուղթը։ Ներկայացվել է ԵՄ հետ բազմաշերտ համագործակցությունը՝ հիմնված ընդհանուր արժեքների և փոխադարձ շահերի վրա։
«Դեսպանն անդրադարձել է նաև Հայաստան-Հունաստան բազմաոլորտ համագործակցությանը, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման ընթացքին, Հայաստան-ՌԴ և Հայաստան-Իրան հարաբերություններին, պատասխանել ներկաների բոլոր հարցերին»,-ասված է դեսպանության հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ հանդիպմանը ներկա են եղել Միջազգային հարաբերությունների ուսանողական ասոցիացիայի (SAFIA), Միջազգային և Եվրոպական գործերի ասոցիացիայի (ODETH), Եվրոպացի երիտասարդ ֆեդերալիստների՝ Հունաստան (JEF Greece), EU Youth Hub–ի, Հանրային քաղաքականության Սիներգիա ինսիտուտի (Synergia Institute for Public Policy), Debate House երիտասարդական կառույցի և Հունական Ազգային Երիտասարդական Խորհրդի հինգ տասնյակից ավելի ներկայացուցիչները։









