Foto

Եթե Փաշինյանը չի միջամտում, ուժայիններն ի՞նչ գործ ունեին Էջմիածնում. Քրիստինե Վարդանյան

Եկեղեցու վրա հարձակման երկրորդ փորձը ձախողվեց, բայց արշավը նոր թափ է ստանալու, զգոնությունը կորցնել պետք չէ: 24News-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը՝ անդրադառնալով երեկ Մայր Աթոռի տարածքում տիրադավ անվանումը ստացած 10 եպիսկոպոսների և նրանց «աջակիցների» կատարած գործողություններին:

«Ցավոք, վստահ եմ՝ Փաշինյանն իր ծրագրերից հետ չի կագնելու, պետք չէ հույս ունենալ, որ սրբություն ու կարմիր գիծ չունեցող մարդիկ կարող են կանգ առնել: Հարձակման առաջին փորձը սև ու կարմիր բերետավորների միջոցով էր, որը կրկին ձախողվեց, երկրորդը՝ Մայր Աթոռի երբեմնի զավակների ձեռամբ էր, կլինի նաև երրորդը, բայց թե ինչ տեսքով ու դեմքով, դժվար է գուշակել: Չեմ բացառում, որ Կաթողիկոսին կարող են ձերբակալել»:

Այդուհանդերձ, պատգամավորն ընդգծեց, որ երեկ խորհրդանշական մի բան կար՝ ապացուցվեց, որ Կաթողիկոսն ու Եկեղեցին ունեն զորավոր ու գաղափարական աջակցություն:

«Մարդիկ ժամերի ընթացքում մոբիլիզացվեցին, մի կողմում վարչական ռեսուրսի միջոցով տարբեր տեղերից բերված մարդիկ էին, մյուս կողմում մարդիկ էին, որոնք արժեքներ էին կիսում, նրանք հավաքվել էին այդ արժեքները պաշտպանելու համար»:

Մեր դիտարկմանը, թե Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ չի ուղղորդում տիրադավ 10 եպիսկոպոսներին, պատգամավորը հիշեցրեց, որ հենց ինքն էր վերջերս խոստովանել՝ ԱԱԾ-ին խնդրել էր Շիրակի թեմի հոգևորականներին համոզել պատարագի ժամանակ զեղչել Կաթողիկոսի անունը:

«Յոթ տարի Փաշինյանը ինչ հայտարարել է՝ հակառակն է արել, էդպես է նաև հիմա: Բա եթե Փաշինյանը չի միջամտել, երեկ ուժայիններն ի՞նչ գործ ունեին Էջմիածնում, Կճոյա՞նն էր ԱԱԾ-ին հրահանգել՝ իրենց օղակի մեջ առնեն, ստացվում է՝ ցանկացած անձ կարո՞ղ է հրահագնել, իհարկե, ո՛չ: Ես վախենում եմ իր պատկերացրած աջակցությունից»:

Հասմիկ Կիրակոսյան