Foto

Հաստատվեց Գյումրու 2026 թվականի բյուջեն

Գյումրու ավագանին դեկտեմբերի 19-ի նիստում ձայների մեծամասնությամբ ընդունեց քաղաքի 2026 թվականի բյուջեի նախագիծը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Գյումրիի 2026 թվականի բյուջեն  կազմում է 7 մլրդ 582 մլն դրամ։ Նախորդ տարվա համեմատ այն ավելացել է մոտ 400 մլն-ով։  Քաղաքի գլխավոր ֆինանսական փաստաթղթի ընդունմանը դեմ քվեարկեցին ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության 13 անդամները`  հաշվի առնելով 2025 թվականի  թերացումները, սակայն նախագիծը՝ նիստին ներկա մյուս 18 ավագանիների կողմ քվեարկությամբ՝ հաստատվեց:

2026 թվականի բյուջեի կազմման հիմքում դրվել է Գյումրի համայնքի 2025–2029 թվականների հնգամյա զարգացման ծրագիրը։ Բյուջեի եկամուտները ձևավորվելու են համայնքի սեփական եկամուտների, ՀՀ պետական բյուջեից ֆինանսական համահարթեցման սկզբունքով տրամադրվող դոտացիաների և նպատակային հատկացումների՝ սուբվենցիաների հաշվին, որոնք ուղղվելու են համայնքի զարգացման ծրագրերի իրականացմանը։

Բյուջետային քաղաքականության հիմնական ուղղություններն են համայնքի բնակիչներին որակյալ և մատչելի ծառայությունների մատուցումը, համայնքային ենթակառուցվածքների արդիականացումը, բազմաբնակարան շենքերի տանիքների, մուտքերի և ընդհանուր օգտագործման տարածքների վերանորոգումը, փողոցների և մայթերի ասֆալտապատումը, քաղաքային լուսավորության ցանցի ընդլայնումն ու արդիականացումը, աղբահանության և սանմաքրման կազմակերպումը, զբոսայգիների և պուրակների կանաչապատ տարածքների ավելացումն ու պահպանումը։

Նախատեսվում է նաև կրթական, մշակութային և մարզական կյանքի աշխուժացում, համայնքային ենթակայության մանկապարտեզների և արտադպրոցական կրթական հաստատությունների պայմանների բարելավում, սոցիալապես անապահով խավերի և Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց սոցիալական աջակցության ծրագրերի իրականացում, ինչպես նաև գործարար և ներդրումային միջավայրի զարգացմանն ուղղված միջոցառումներ։Բյուջեն կազմված է վարչական և ֆոնդային մասերից, եկամուտների կանխատեսումները կատարվել են նախորդ տարիների փաստացի տվյալների և առկա բազաների հիման վրա։

Նախատեսվում  քսան տոկոսով ավելացնել քաղաքապետարանի աշխատակիցների, իսկ տասը տոկոսով՝ քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող կառույցների աշխատակիցների աշխատավարձերը: