Foto

Երբ «բրենդը ժողովրդավարությունն է», բայց կառավարությունը մեկ մարդ է

«Կառավարությունը ե՛ս եմ, չի կարող որևէ մեկը իմ դիրքորոշումից դուրս դիրքորոշում ունենալ։ Եթե որևէ մեկը իմ դիրքորոշումից դուրս դիրքորոշում ունի՝ թող հենց հիմա դիմում գրեն և այդ շենքերից դուրս գան, եթե ոչ՝ ես կհանեմ»։ Կառավարության այսօրվա ճեպազրույցի ժամանակ նման միտք հնչեցրեց վարչապետ Փաշինյանը։

Հիշենք, որ հենց նա էր հայտարարում, որ Հայաստանի բրենդը ժողովրդավարությունն է։ Ժողովրդավարական համակարգում կառավարությունը գործադիր մարմին է, որտեղ նախարարներն ունեն կարծիք արտահայտելու, ծրագրեր առաջարկելու և որոշումների քննարկման ազատություն։ Եթե այդ հնարավորությունը սահմանափակվում է՝ հանուն «միաձայնության» կամ «կենտրոնացվածության», ապա գործադիր մարմինը վերածվում է ոչ թե կոլեգիալ կառույցի, այլ առաջնորդին ենթարկվող մեխանիզմի, որի մասին մեկ անգամ չէ, որ Փաշինյանը բարկացած պահին արձանագրել է։ Հիմա ավելի հստակ է ասում՝ «Կառավարությունը ե՛ս եմ»։ Այս արտահայտությունից հետո իրենց հարգող պաշտոնատար անձինք պետք է հրապարակային դատապարտեն իրենց դերի այս աստիճան ստորացումը։

Այս մոտեցումը վտանգել և շարունակում է վտանգել ՀՀ-ի գոյությունն՝ առհասարակ։ Հենց սա բերեց Արցախի կորստին՝ արևմտյան բանակցային գաղտնի փաստաթողթերին, ողբերգական արդյունքների, և շարունակում է այդպես իրականացվել։ Ցանկացած ողջամիտ հասարակությունում նման մոտեցումը նվազեցնում է որոշումների բազմակողմանիությունը: Նախարարները, նույնիսկ ունենալով այլընտրանքային կարծիք, ստիպված են լռել և լռում են միայն նրա համար, որ պահպանեն իրենց պաշտոնը։ Արդյունքում՝ որոշումների կայացման գործընթացում բաց են թողնվում կարևոր ռիսկեր կամ այլընտրանքային լուծումներ, ինչը պետական հիմասյուներն է քանդում։ Մեկ մարդը չի կարող ամեն ոլորտի գիտակը լինել, իսկ փորձը ցույց է տալիս, որ նման մոտեցմամբ փլուզվում են բոլոր համակարգերը՝ առողջապահությունից՝ կրթություն, գյուղատնտեսությունից՝ արդյունաբերություն և այլն։

Հանրության լայն շերտերի մոտ նման հայտարարությունները հակասություն են ստեղծում։ Մի կողմից՝ իշխանությունը մշտապես շեշտել է ժողովրդավարության կարևորությունը և բազմակարծության հանդեպ հանդուրժողականությունը։ Մյուս կողմից՝ նման խոսքերը հիշեցնում են ավտորիտար ղեկավարներին բնորոշ արտահայտություններ։ Հասարակությունը, որը տարիներ շարունակ պայքարել է կարծիքի ազատության համար, այսպիսի ուղերձը կարող է ընկալել որպես հետքայլ ժողովրդավարական արժեքներից, սակայն ժողովրդավարության փաթեթավորման անվան տակ այնքան կեղծիք կա, որ հանրությունն իրականում դժվար է զանազանում ակնհայտը։ Գուցե սրան նույնիսկ անդրադարձ չլինի, բայց այս արտահայտություններն են, որ կոտրում են հասարակության ողնաշարը, նրան դարձնում ավելի ենթարկելի։

Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգում ժողովրդավարական բրենդի պահպանումը մշտապես կարևոր է եղել, հատկապես՝ ԵՄ-ի և արևմտյան գործընկերների հետ հարաբերություններում։ Նման հայտարարությունները կարող են թուլացնել կառավարության դիրքերը միջազգային հարթակներում, որտեղ ժողովրդավարության նկատմամբ հավատարիմ լինելը դիտվում է որպես վստահելիության չափանիշ։

Վարչապետի այսօրվա խոսքերը բացահայտում են այն լարվածությունը, որը գոյություն ունի իշխանության ներսում․ մի կողմից՝ ձգտում ժողովրդավարական իմիջի պահպանմանը, մյուս կողմից՝ իշխանության արդյունավետ կառավարման համար պահանջվող ավտորիտարիզմի ապահովմանը։ Սակայն ժողովրդավարության պայմաններում «կառավարությունը ես եմ» մոտեցումը ոչ միայն վտանգավոր նախադեպ է, այլև կարող է երկարաժամկետ հեռանկարում թուլացնել թե՛ կառավարման համակարգը, թե՛ իշխանության նկատմամբ վստահությունը։

Հեղինակ: Աննա Ավետիսյան