Foto

Կիևի վրա ռուսական հարձակման հետևանքով զոհվել է 18 մարդ

Կիևի վրա օգոստոսի 28-ի գիշերը ռուսական հարձակման հետևանքով զոհվածների թիվը հասել է 18-ի, որոնց թվում 4-ը երեխաներ են։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է BBC-ից, այս մասին հայտարարել է Կիևի քաղաքային ռազմական վարչակազմի ղեկավար Տիմուր Տկաչենկոն։ 

«Այս պահի դրությամբ ռուսական հարձակման հետևանքով զոհվել է 15 մարդ, այդ թվում՝ չորս երեխա։ Դարնիցկիի շրջանում որոնողական-փրկարարական աշխատանքները շարունակվում են», - ասել է Տկաչենկոն։

Նա նաև նշել է, որ վիրավորների թվում տասը երեխա կա՝ հավելելով, որ զոհերի թիվը դեռևս թարմացվում է։ 

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին կոչ է արել Ուկրաինայի միջազգային գործընկերներին վճռականորեն արձագանքել Ռուսաստանի վերջին հարձակմանը։

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը դատապարտել է Ուկրաինային ռուսական կողմից հասցված գիշերային հարվածը, որի հետևանքով զոհեր են գրանցվել։

Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հայտարարել է, որ օգոստոսի 29-ին Ուկրաինայի մայրաքաղաքում կհայտարարվի սգո օր՝ ի հիշատակ ռուսական հարվածի հետևանքով զոհվածների։