Foto

Կընդլայնվի Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքներին աջակցության միջոցառումների շրջանակը

Հայաստանի կառավարությունը հաստատել է Ղարաբաղից բռնի տեղահանված առանձին ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի  շահառուների ցանկը: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ որոշումը հաստատվել է ՀՀ կառավարության օգոստոսի 28-ի նիստում։ 

Որոշման նպատակը բնակարանային ապահովման պետական աջակցության տրամադրումն է 2020 թ. պատերազմի հետևանքով տեղահանված մի խումբ անձանց, մասնավորապես՝ պատերազմական գործողությունների հետևանքով զոհված (մահացած) կամ անհայտ բացակայող ճանաչված անձանց տեղահանված ընտանիքներին։ 

Որոշման  ընդունումը պայմանավորված է տեղահանված ընտանիքներին աջակցության միջոցառումների շրջանակի ընդլայնմամբ։ Տեղահանումից հետո նշված ընտանիքները «ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲ ընկերության միջոցով հիփոթեքային վարկավորմամբ ձեռք են բերել անշարժ գույք ՀՀ-ում և սկսած 2023 թ. սեպտեմբեր ամսից այդ վարկերի գծով ամսական մարումները չեն իրականացվում, ինչը կարող է հանգեցնել բանկի կողմից գրավի առարկա հանդիսացող գույքերի բռնագանձման հաշվին վարկային պարտավորությունների մարման գործընթացի։ 

Որոշմամբ առաջարկվում է «ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲ ընկերության միջոցով ծրագրի՝ ՀՀ քաղաքացիություն ձեռք բերած շահառուներին տրամադրված հիփոթեքային վարկերի ամսական մարումները (մայր գումար և տոկոսագումար) իրականացնել ՀՀ պետբյուջեի միջոցներով՝ վճարման ժամանակացույցերին համապատասխան։ 

Ընդ որում, որոշման ընդունման պահին ՀՀ քաղաքացիություն չունեցող շահառուների համար հիփոթեքային վարկերի մարման գործընթացը կմեկնարկի ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելուց հետո՝ հաջորդ ամսվա 20-ից։