Foto

Չարենցի փողոցում կատարված սպանությունը բացահայտվել է. մեկ անձ ձերբակալվել է

Երևանի Չարենցի փողոցի մի բնակիչ օգոստոսի 16-ին գիշերվա ժամը 2։39-ին, Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել և հայտնել, որ իրենց բակում արնաքամվող քաղաքացի կա։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը տեղեկացնում է, որ քաղաքացու զանգից րոպեներ անց շտապօգնության խումբը հրազենային վիրավորման կանչով մեկնել է Չարենցի փողոց։ 

Գերատեսչության փոխանցմամբ՝ դեպքի վայր է մեկնել Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ խումբը: Պարզվել է, որ հրազենային վիրավորում ստացած անձը Արմավիր քաղաքի բնակիչ է, 34-ամյա Սուրեն Սարգսյանը, որը տեղում մահացել է։ 

Կազմված փաստաթղթերը փոխանցվել են Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ սպանության հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ: 

«Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի բաժնի ծառայողներն օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզեցին դեպքի հանագամանքները։ Նախնական տվյալներով՝ օգոստոսի 16-ին` ժամը 2-ի սահմաններում, Չարենցի փողոցի բնակիչ 37-ամյա մի տղամարդ Սուրեն Սարգսյանի և մի երրորդ անձի հետ գտնվել է իր ավտոտնակում, որտեղ իր «Սայգա» տիպի` առանց փամփշտատուփի հրացանը ցույց տալու պատրվակով տվել է Սուրեն Սարգսյանին, ապա այն վերցնելով` կյանքից զրկելու դիտավորությամբ կրակել է նրա կրծքավանդակին, ինչից հետո 37-ամյա տղամարդն ու երրորդ անձը դիմել են փախուստի»,-նշված է ոստիկանության հաղորդագրության մեջ։ 

Նշվում է, որ հանցագործության գործիքը հայտնաբերվել է։ 

Օգոստոսի 19-ին հսկող դատախազը կայացրել է Չարենցի բնակիչ 37-ամյա տղամարդու նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու որոշում՝ սպանության հատկանիշներով։ 

Օգոստոսի 20-ին` ժամը 10.30-ին, Երևանի քրեական ոստիկանները Խանջյան փողոցում ձերբակալել են 37-ամյա տղամարդուն ու ներկայացրել նախաքննական մարմին։ Ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ գործի մյուս հանգամանքները պարզելու ուղղությամբ։