Foto

Աննա Վարդապետյանը ժամացույցներ է նվիրել դատախազության աշխատակիցներին. Factor.am

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ՀՀ դատախազության տոնի առթիվ ժամացույցներ է նվիրել որոշ աշխատակիցների։ Այս մասին Factor.am-ը տեղեկանում է Կոռուպցիայի կանխարագելման հանձնաժողով ներկայացված հանրային ծառայողի նվերների հաշվառման ձևաթղթից։

Դատախազության գլխավոր քարտուղար Մհեր Ափրիկյանը տղամարդու ժամացույց է նվեր ստացել։ Արժեքը կազմել է 78 հազար դրամ։ Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության դատախազ Արտաշես Հարությունյանը AWI, 1717 v.5 տեսակի  ձեռքի ժամացույց է նվեր ստացել: Արժեքը կազմել է 48 հազար դրամ։

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազի տեղակալ Արթուր Մարտոյանը Դատախազության տոնի առթիվ «Գնոմոն» տեսակի ժամացույց է նվեր ստացել։ Նվերի արժեքը կազմել է 78 հազար դրամ։ Արագածոտնի մարզի դատախազի տեղակալ Հարություն Մաշադյանը ևս  78 հազար դրամ արժեքով ժամացույց է նվեր ստացել։ Հավելենք, որ ամեն տարի հուլիսի 1-ը Հայաստանում նշվում է որպես Դատախազության աշխատակցի օր:

Ըստ «Հանրային ծառայության մասին» օրենքի 29-րդ հոդվածի՝ Հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողների համար պաշտոնեական (ծառայողական) պարտականությունների իրականացման հետ կապված թույլատրելի նվերներ են՝

1) պետական կամ պաշտոնական այցերի կամ միջոցառումների, ինչպես նաև աշխատանքային այցերի ժամանակ տրվող նվերները կամ կազմակերպվող հյուրասիրությունը.

2) հրապարակային միջոցառումների ժամանակ սովորաբար տրվող նվերները.

3) սովորաբար կազմակերպվող հյուրասիրությունը.

4) ծառայողական օգտագործման նպատակով անվճար տրամադրվող նյութերը.

5) կրթաթոշակը, դրամաշնորհը կամ նպաստը՝ տրված հրապարակային մրցույթի արդյունքով` մյուս դիմորդների նկատմամբ կիրառված նույն պայմաններով և նույն չափանիշներով կամ թափանցիկ այլ գործընթացի հետևանքով.

6) օտարերկրյա պետությունների կամ միջազգային կազմակերպությունների կողմից տրվող արարողակարգային նվերները: