Ուկրաինական ճգնաժամի ամենավճռորոշ կետին ԱՄՆ-ն ու ԵՄ-ն մոտեցան ամենաթուլ վիճակում: Գարնանից ռուս-ուկրաինական ճակատում այնպիսի արագությամբ են իրադարձությունները զարգանում հօգուտ Ռուսաստանի, որ աշխարհի «ամենամայրաքաղաքում» չեն կարողանում կանգնեցնել: Թրամփը փորձեց Ռուսաստանին բերել բանակցությունների սեղանի մոտ Իրան-Իսրայել պատերազմով՝ չհաջողվեց, փորձեց Հնդկաստանի ու «Գլոբալ հարավի» երկրների նկատմամբ պատժամիջոցները խստացնել, բայց դա էլ արդյունք չտվեց: Նույնիսկ ատոմային սուզանավեր ուղարկեց Ռուսաստանի սահմանների մոտ, բայց ռուսներն այդ առիթն օգտագործեցին՝ հրաժարվելու միջին հեռահարության հրթիռների տաղակայման միակողմանի մորատորիումից ու ավելի կոշտացրին իրենց ռազմաքաղաքական դիրքորոշումը:
«Տարօրինակ պատահականությամբ»՝
հենց այս կիզակետում Նիկոլ Փաշինյանը գնաց «Թրամփի կամրջի» ստորագրմանը, որով ԱՄՆ-ն
փորձում է ամենացավոտ հարվածը հասցնել Ռուսաստանին՝ բառացիորեն ներխուժելով Հարավային
Կովկաս:
Հնարավոր կլինե՞ր
դա, եթե Ռուսաստանի թիկունքում չլիներ Նիկոլ Փաշինյանի պես մեկը, ով եթե պատրաստ է
դավաճանել սեփական ժողովրդին ու երկիրը, չէր դավաճանի նաև ռազմավարական դաշնակցին:
Իհարկե ոչ: Բայց դա շատ խորամանկորեն արեց, ինչպես դավադրաբար ադրբեջանական զորքերը
2021 թվականի ընտրություններից առաջ բերեց ու մտցրեց Գեղարքունիք և Սյունիք, ինչպես,
սահմանազատման շղարշի տակ, ադրբեջանցիներին կանգնեցրեց հայ-վրացական ռազմավարական ճանապարհի
գլխին: Օրինակները շատ են, բայց կանգ առնենք այն հանգամանքի վրա, որ դեռևս իշխանության
գալու առաջին օրերից Հայաստանում սկսեց հակառուսական քարոզչությունը, հետագայում իր
իսկ կողմից հրահրված 44-օրյա պատերազմում պլանավորված պարտությունը, Արցախի շրջափակումն
ու բռնի հայաթափումը նրանց վրա բարդելու համար:
Ալիևը մի քիչ
երկար դիմացավ իր հակառուսականությունը (նույն աշխարհաքաղաքական կենտրոնից թելադրվող)
ցուցադրելու մեջ: Նախ Փաշինյանի հակառուսականությունն օգտագործեց Արցախը զավթելու համար,
ապա, երբ Փաշինյանից ստացավ Հայաստանի դեմ իր ստրատեգիական խնդիրները լուծելու համար
անհրաժեշտ բոլոր զիջումները, հանեց ճանկերը նույն Ռուսաստանի դեմ: Այսինքն, Նիկոլ Փաշինյանն
ու Իլհամ Ալիևը միասին՝ ձեռք ձեռքի տված, նույն քաղաքական փազլի մասերը լինելով, գեներացրին
ու հասունացրին այնպիսի կեղծ իրավիճակ, երբ Ռուսաստանին թիկունքից հարվածելը, գոնե
իրենց ընտրազանգվածների համար, լեգիտիմացրեցին:
Չորս օրից Թրամփն
ու Պուտինը հանդիպելու են Ալյասկայում: Հիմա ԱՄՆ նախագահն արդեն «հակափաստարկներ» ունի:
Եթե մի քանի ամիս առաջ համաձայն էր, որ ուկրաինական ճգնաժամը պետք է լուծվի խորքային
պատճառների բացառմամբ, որ այդ պատերազմը չէր լինի, եթե ինքը լիներ ԱՄՆ նախագահը, ապա
հիմա նա Պուտինի առաջ դնելու է մի քարտեզ, որտեղ «հաստ կարմիրով» նկարված է լինելու «Թրամփի
կամուրջը»: Այսինքն, ինքն արդեն, առաջին հերթին Հայաստանի վարչապետի ապա Ադրբեջանի
նախագահի ստորաքարշ համաձայնությամբ, Ռուսաստանի ամենաթույլ տեղում է, որը չէր կարողացել
ստանալ Իրան-Իսրայել պատերազմի արդյունքում:
Չի բացառվում,
որ Ռուսաստանն այս «ձիով քայլից» նույնպես կարողանա խույս տալ, բայց այդ դեպքում նրա
արձագանքը չափազանց կոշտ է լինելու՝ առաջին հերթին Հայաստանի նկատմամբ: