Գիշերը Փաշինյանն անհանգիստ է քնել. Օրը սկսել է Սերժ Սարգսյանին ուղղված պատասխաններով։
Գրառում 1. ՍՍ–ն ասել է, թե չի հասկանում, թե ինչպես էր հնարավոր 44–օրյա պատերազմի հենց առաջին ժամերին կորցնել ՀՕՊ միջոցների կեսը։
Ի՞նչ կա չհասկանալու․ ձեր թողած ՀՕՊ համակարգը, ոչ թե առանձին վերցրած միջոցները, այլ ընդհանուր առմամբ ՀՕՊ համակարգը մետալալոմ էր։ Բառիս բուն իմաստով մետալալոմ։ Իսկ դաշնակիցները մեզ երեք մատի կոմբինացիա էին ցույց տալիս դրանք նորացնելու հայցերին ի պատասխան (ձեզ էլ էին երեք մատի կոմբինացիա ցույց տվել, հակառակ դեպքում 2018 թվականի դրությամբ մետալալոմի փոխարեն այլ բան առկա կլիներ)։
Ու որ հանկարծ իրենց կողմից մեզ երեք մատի կոմբինացիա ցույց տալը շատ աչք ծակող չլիներ, դաշնակիցները սիմվոլիկ մեկ–երկու բան էին մեզ գցում, անհրաժեշտի 0․1 տոկոսը, որ հետո թեմա բացվելու դեպքում մատնացույց անելու բան ունենան։
Ոչ դաշնակիցներն էլ էին երեք մատի կոմբինացիա ցույց տալիս, մատնացույց անելով երկու հանգամանք․
1․ ՀՀ ՀԱՊԿ անդամ լինելը։
2․ Այն, որ տրամադրվող միջոցները կարող էին տեղակայվել ՀՀ ինքնիշխան տարածք չհանդիսացող տարածքներում։
Մենք էլ որտեղից ինչ հնարավոր էր, դա էինք փորձում ձեռքբերել, փորձում արդիականացնել, ի դեպ՝ այդ պահին ՀՀ–ում գործող ամենաբարձրաստիճան (ձեր նշանակած) զինվորականների խորհուրդներին ու ռեկոմենդացիաներին ի պատասխան։
«Հիմա ի՞նչ ես գնացել փեսուդ ձեռքից կերակրվողների դիմաց նստել, հետս բանավիճում։ Բանավիճելու բան ունես, արի գնանք բանավիճենք ուղիղ եթերում։ Թե չէ Միշիկի դիմաց նստել ինձ հետ բանավիճելը ո՞րս է։ ՏՊԼ–ին ու ՔՌ–ին էլ կբերես հետդ», այսօրինակ գրառումն արել է իրեն երկրի վարչապետ համարողը։
Չքնած գիշերվա արդյունքում ծնված Փաշինյանի 2-րդ գրառումը
«ՍՍ–ն էլի խոսել է բանակցային փաստաթղթերի մասին։
Հեչ չնեղվես․ բանակցային պատմության առանցքային թղթերը (ներառյալ 2019) դասավորել եմ, հիմա սքան ենք անում ու մինչեւ տարվա վերջ հրապարակելու եմ, արանքներում դնելով նաեւ մի քանի հրապարակային թղթեր։
Նաեւ քո գրած մի նամակ եմ մեջը դնելու, որ չմտածես առ եմ համարում։ Որ զարթնես, ՏՊԼ–ին ու ՔՌ–ին էլ խաբար արա»։
Փաշինյանի Երրորդ գրառումը վերաբերում է բանակին՝
«ՍՍ–ն փորձել է տպավորություն ստեղծել, թե 2018–2020 թվականների ընթացքում մենք բանակը կազմաքանդել ենք, դրա համեր էլ եղել է այն, ինչ եղել է։
Հիմա մի մեջբերում ՍՍ–ի հայտարարությունից, որ նա արել է 2018թ․ ապրիլի 17–ին ԱԺ ամբիոնից, որպես վարչապետի թեկնածու, նախորդիվ խոսելով այն մասին, որ Ադրբեջանը մեծ հավանականությամբ փորձելու է պատերազմով լուծել ԼՂ հարցը։
Մեջբերում ՍՍ–ի 2018թ․ ապրիլի 17–ի խոսքից․ «Հաջորդ դասն այն է, որ մենք շատ երկար ժամանակ պետք է ամենամեծ ուշադրությունը դարձնենք մեր զինված ուժերի բարեփոխմանը, նոր սպառազինությունների ձեռքբերմանը, սեփական սպառազինություններ արտադրելուն և որ ամենակարևորն է՝ հայկական զինվորի ու սպայի ոգին միշտ բարձր պահելու, առօրյայում նրա կենցաղային խնդիրները լուծելու և ապագայի նկատմամբ որևէ իրադարձության պայմաններում նրանց վստահությունը ամրապնդելուն»։
Բա եթե 2020–ից հետո բանակի մասին ասածներիդ թեկուզ մի փոքր մասը ճիշտ էր, դու 2018–ին ուրիշ բան պիտի ասեիր։ Պիտի ասեիր, «մենք շատ երկար ժամանակ ամենամեծ ուշադրությունն ենք դարձրել մեր զինված ուժերի բարեփոխմանը, նոր սպառազինությունների ձեռքբերմանը, սեփական սպառազինություններ արտադրելուն և որ ամենակարևորն է՝ հայկական զինվորի ու սպայի ոգին միշտ բարձր պահելու, առօրյայում նրա կենցաղային խնդիրները լուծելու և ապագայի նկատմամբ որևէ իրադարձության պայմաններում նրանց վստահությունը ամրապնդելուն»։
Բա ինչու՞ էդպես չես ասել, որովհետեւ իմացել ես, որ բանակի փոխարեն բաքից շլանգով բենզին ու սալյարկա քաշելու համակարգ ունես 2018 թվականի դրությամբ եւ ոչ թե բանակ։
Հ․Գ․ Չարթնացնեք, թողեք հանգիստ քնի»։
4-րդ գրառմամբ, ըստ էության, Փաշինյանն արձագանքել է նախագահների արհամարհանքին՝
«Լավ, բանավեճի չեք գալիս, չեք գալիս։ Եկեք տանեմ ցույց տամ բանակի վերջին տարիների սպառազինության եւ տեխնիկայի ձեռքբերումները, կատարված ինժեներական աշխատանքները, զինվորների աշխատավարձերը։
Մենակ էն ամենապինդ դիմակներից կհագնեք, որ չանեքդ հանկարծ չընկնի»։
Այս գրառումներից մեկ ժամ հետո՝ Փաշինյանը չի կարողացել հանգստանալ ու նոր նախաձեռնությամբ է հանդես եկել՝
«Մտածեցի մեր քաղաքացիները կնեղվեն, որ ՏՊԼ–ին, ՔՌ–ին եւ ՍՍ–ին առաջարկում եմ ցույց տալ վերջին տարիներին մեր ձեռք բերած սպառազինությունը եւ տեխնիկան, ինժեներական նորարարությունները, իսկ քաղաքացիներին չեմ առաջարկում։
Համաձայն եմ, արդար չի։
Հետեւաբար՝ ՀՀ քաղաքացիների ցանկացած 50 հոգանոց խմբի (խմբերի), ով կհամաձայնվի կոնֆիդենցիալության պայմանների պահպանմանը, պատրաստ ենք ցույց տալ վերջին տարիներին մեր ձեռք բերած սպառազինությունը եւ տեխնիկան, ներկայացնել ինժեներական նորարարությունները։
Ի՞նչ է պետք անել նման ձեւաչափով ցուցադրությանը մասնակցելու համար․
1․ Կազմել մասնակցել ցանկացող ՀՀ քաղաքացիների ցուցակ՝ անձնագրային տվյալներով եւ ուղարկել [email protected] էլ․ փոստի հասցեին։
2․ Նշել խմբի պատասխանատուին, ով կապի մեջ կլինի կազմակերպչական հարցերի ճշգրտման համար։
3․ Ցուցադրության օրը նշանակվելու է Կառավարության ներկայացուցչի կողմից։
Ցուցադրությունը կկազմակերպվի պատշաճ ցուցակի ձեւավորումից եւ նշված էլ․ փոստի հասցեով ուղարկելուց հետո մեկ ամսվա ընթացքում»։
Այնուհետեւ եւս երկու տեսանյութ է տարածել Փաշինյանը, որը, կարծես այլ անելիք չունի, քան սոցցանցերում գրառումներ անելը։









